Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 118.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Փաթաթվում է, լաց է լինում, ժպտում, համբուրում։ Անկողինը դեռևս չի շինած, նոր է դուրս թռել միջից։ Գրկեցի թարմ, պատանի աղջկան, թավալվեցինք անկողնու վրա։ Հարբեցուցիչ է կնոջ բուրումը։

Այրեց ինձ կինն առաջին անգամ իմ կյանքում։

Վախը և առաջին ուրախությունը պաշարեցին ինձ, շղթայեցին, և ընկղմվեցի առաջին հանցանքի քաղցրության մեջ։

Երգեցին բոլորը, իրերը ճչացին խայտանքից․

— Բահրիե՜․․․

Անշարժ պառկած է, լռությամբ ապրում է մի քանի վայրկյանի դարավոր բերկրանքը։

— Գնա՛, շուտ հեռացի՛ր։

Սկսում է լաց լինել։

— Երեկոյան պիտի գան,— ասում է։

Նրա արցունքները խառնվում են երջանկության կապույտ կաթիլներին։

Երևի ցցվում է նրա դեմ ծերունին՝ դեղին աչքերով։

Գալիս է մինչև ծաղկած նռնենին։ Պոկեցի մի կարմիր ծաղիկ, փակցրի նրա կրծքին, բռնեցի ձեռքը, համբուրում եմ․․․

Բարձրանում եմ պատի վրա, լսում եմ նրա լացը և ուրախության հևքը։ Բահրիեն կանգ է առնում մուգ֊կանաչ եղրևանու հովանու տակ, կարոտագին նայում։

Ցատկում եմ մյուս պարտեզը և հավիտենապես բաժանվում առաջին կնոջից։


***

Հաջորդ օրը ես հանդիպեցի Վերոնիկային։ Քրիստինեի հորեղբոր աղջկան։ Վերոնիկան երկնուղեշ աղջիկ էր, խարտյաշ աչքերով, եղնիկի նման թեթև և վարդի գույնով։ Ամեն անգամ, երբ ես նրան հանդիպում էի, մերկանում էր իմ հոգին նրա առաջ, բայց այս անգամ իմ հոգին ծածկվել էր վարդագույն ամոթի քողով։ Ես չկարողացա նայել նրա աչքերի մեջ։ Բռնեցի ձեռքը, համբուրում եմ ու լաց լինում։ Ուզում եմ խոստովան ել, բայց հոգիս չի մերկանում, ես ինքս կանգնած եմ իմ հոգու փակ դռների առաջ։