Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 125.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Կես֊գիշերին բոլորը նստեցին իրենց անկողինների մեջ, քնից զարթնած և սարսափած, խաչակնքեցին և լռեցին՝ սպասելով, թե ի՞նչ աղետ պիտի պատահեր առավոտյան։

Բայց աղետը չսպասեց առավոտյան, եկավ հասավ կես֊գիշերին։

Ահմեդ Չավուշի տունը լցվեց ոստիկաններով ու թուրքերով։

Հայերը եկել էին, մտել տունը, Ահմեդ Չավուշին կապել, բերանը բամբակով փակել, և երբ ճգնել էր իրեն ազատել, ծեծել էին, կնոջը խեղդամահ արել անկողնում և փախել, — այս էր Ահմեդ Չավուշի պատմությունը ոստիկաններին և թուրքերին։

Հայերն անգամ հավատում էին այս պատմության, որովհետև վրեժխնդրություն էին կարծում։ Ամիսներ առաջ Չավուշն էր եղել, որ մսագործի յաթաղանով կտրել էր երկու հայ հեղափոխականների գլուխները հրապարակով, միակ մարդը, որ համաձայնել էր դահճի դեր կատարել, գլուխները կտրելուց հետո էլ՝ ափով վերցրել էր արյունը, քսել միրուքին և կտրված գլուխներից մի քայլ հեռու չոքել և աղոթել ալլահին։

Կես֊գիշերին սկսվեցին ձերբակալումները և տևեցին մինչև առավոտ։ Առավոտյան բանտը լցվեց հայերով։ Մինչև բանտ հասցնելը ծեծում էին, վիրավորում, թքում, անպատվում։

Դեպքի երեկոյան Չավուշը կնոջն ասե՛լ էր, որ գնում է գյուղ։ Շատ անգամ էր նա գյուղ գնում։ Գնացել էր շուկա ձի վարձելու։ Խոստացել էին ձիապանները, բայց սպասեցրել։ Ահմեդ Չավուշը մինչև կես֊գիշեր սպասել էր ձիուն, չէր ստացել և հուսահատ տուն էր վերադարձել կես֊գիշերին, տեսել էր մի ջահել թուրք իր տանը, կինն էլ նրա գրկում։ Չավուշը, կատաղած, ջահել թուրքին խեղդել էր և նետել հորը, կնոջը խեղդել էր և թողել անկողնում, բարձրացել կտուրը և սկսել էր ոռնալ՝ «Հայերը կնոջս խեղդեցին ու փախա՜ն․․․»։

Ահա այսպես էր պատահել դեպքը։

Ջահել թուրքի դիակը հանեցին հորից, ձերբակալեցին Ահմեդ Չավուշին։ Հորը նետված թուրքի ծնողները հարուստ էին և ազդեցիկ, հետապնդեցին արդարադատությունը և Ահմեդ Չավուշին աքսորեցին Կոնյա՝ արգելելով նրան վերադառնալ։