Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 130.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև այն ժամանակ, երբ Շեմսին հայհոյեց հորս՝ նա գերեզմանում հող էր դառնում…

Շեմսին ինձ նայեց աչքի պոչովը։

Ես էլ։

Ժպտացի։

Նա էլ։

Ես չեմ կարող ասել, թե ինչպես մեր ոտները շարժվեցին ու մոտեցան իրար և մեր թևերը փաթաթվեցին իրարու։

Շեմսին ինձ քաշեց֊տարավ իրենց տունը։ Օտարոտի թվաց այդ հին տունը, վաղուց էր չէի տեսել։ Շեմսին ինձ առաջնորդեց ներս, ոտնակոխելով տան հարեմական սովորությունները։ Համբուրեցի նրա մոր ձեռքը, դարձա և տեսա Սանիեին, որ կանգնած ժպտում էր։ Իմ և նրա ձեռքերը երկարեցին իրար, ինչպես մարդու սեփական ձեռքերը, երբ սիրտը ցանկանում է ծափահարել։

Շատ վաղուց էր ես Սանիեին չէի տեսել առանց մանիշակագույն ամպի։

Նա մի քիչ, շատ քիչ, կորցրել էր իր եթերայնությունը, բայց դարձել էր արյունալի։

Երբ ես ձեռքն ուժգին սեղմեցի, կարմրեց, շրթունքները դողացին և ինչ֊որ շշնջաց՝ մորը դառնալով։ Այդ շշուկի մեջ այնքան կանացիություն կար, որ ես նրան անմիջապես պատկերացրի ավազանում լողանալիս, և ավազանի սառը ջուրը սառսռում է նրա մարմնի արևային ջերմությունից։


***

Համբույրներն ու գրկախառնումները ոչինչ չօգնեցին, որովհետև մի քանի օր հետո իսկ, «իմաստուն» հայեր շշնջացին ուրիշ ականջների՝

— Չի խաբվիք։

Եվ «իմաստուն» թուրքեր ևս շշնջացին՝

— Զգույշ, հայերը կուզեն մեր երկիրը իշխեն և վերացնեն կրոնը։

Կարծես ժամանակը ետ դարձավ։