Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 131.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Երբ մենք փոքր էինք, մի խաղ էինք խաղում, որ կոչվում էր «հայ և թուրք»։ Դա պարզ մի խաղ էր՝ մեջտեղը մի քարակույտ, որ ամրոց էր կոչվում, մանուկները բաժանվում էին երկու մասի՝ ամրոցը գրավելու։ Բաժանված խմբերից մեկը կոչվում էր հայ, իսկ մյուսը՝ թուրք։

— Ծո՛, թուրքերը մտան…

— Հայերը բերդին կմոտենան, տվե՛ք գլխներուն։

Եվ սա համարվում էր անմեղ խաղ։

Այդ խաղը շարունակվեց մինչև իմպերիալիստական պատերազմը։ Այդ պատերազմում խաղացվեց նույն խաղը, մի֊այն այն տարբերությամբ, որ այս անգամ կողմերն իսկական հայեր և թուրքեր էին, խաղում էին լուրջ և իրական հողի վրա, անսահման ատելությամբ բոցավառված։

Ո՛չ ոք, բացարձակապես ո՛չ ոք մեզ չէր ասում թե՝ մի խաղաք այդ խաղը։ Երբ մենք խաղում էինք, մեծերը, բեղերով մարդիկ, շատ լուրջ և իմաստուն մարդկանց համբավ ունեցող մարդիկ, դիտում էին այդ խաղը և ժպտում։ Եվ, առհասարակ, դիտողները հրճվում էին, երբ «թուրքերր» պարտվում էին։ Խաղի պաֆոսն այնքան էր խորանում, որ «հայերը» «թուրքերին» խաղի ժամանակ կանչում էին այն անարգական ածականներով, ինչ որ իրական կյանքում, խաղից դուրս։

Երբ տաքանում էինք՝ սկսում էինք աղաղակել.

— Վուռուն իթլերե… (Զարկե՛ք շներին)։

— Կյավուրլար կիրդիլեր… (կյավուրները մտան)։

Խաղն սկսելու համար մենք միշտ կանգնած էինք լինում մի դժվարության առաջ՝ ո՛չ ոք չէր ցանկանում «թուրք» լինել։ Ստիպված էինք լինում վիճակ գցել։ Ով որ «հայ» էր քաշում, անսահման ուրախանում էր, իսկ «թուրք» քաշողները տխրում էին, ակամա մասնակցում խաղին, պարզապես մանկական խաղի կարգապահության կարգով։

Մենք մեծանում էինք այս ոգով։

Պիպերի համար փոխանակ ասելու «կծու է», ասում էինք «տաճիկ է»։