Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 136.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ մութ էր, ա՛ղջի, ձենս էլ չճանչցան, — պատասխանեց հայրս։

— Էնքան մութ էր, որ չճանչցա՞ն։

— Եթե ճանչնային, էդ ապուրը չէին ուտեր։

Հայրս կես֊գիշերին մարդ ուղարկեց մեր ագարակը և Ալիին կանչել տվեց։

Ալին շնչասպառ եկավ։ Հայրս պատմեց նրան եղելությունը։ Ալին տխրեց, դուրս եկավ տնից առանց մի բան ասելու։

Առավոտյան կանուխ անծանոթ մարդիկ մեր լուսամուտից ներս նետեցին կողոպտված ժամացույցը, վերարկուն, փողերը և մի քանի թղթեր։

Ալին կեսօրից առաջ տուն եկավ, կանգնեց հորս առաջ ամոթահար։

— Հաջի էֆենդի, չեն ճանչցեր,— ասաց։

— Անոթի մարդիկ են,— պատասխանեց հայրս,— չեմ մեղադրեր։

Ալին հավատարմությամբ և հերոսությամբ պաշտպանեց մեր ագարակը՝ ամեն 8 և 10 օրը մեկ անգամ արյուն թափելով մի թփի և կամ աննշան մի տերևի համար։

Մի օր Ալին տնկվեց հորս դիմաց՝ ինչ֊որ մտքերով պաշարված։ Աչքերը փայլում էին, կարծես մի բան էր գտել և ուզում էր հորս հայտնել, բայց ամաչում էր ու քաշվում։.

— Ի՞նչ կա, Ալի, — հարցրեց հայրս։

— Հաջի էֆենդի, բան մը պիտի ըսեմ, ամա կամչնամ, վախենամ վրաս խնդաս։

— Ըսե, մի վախնար, եթե խնդալու է, կխնդանք, ինչու՞ կքաշվիս։

Ալին կմկմալով, բայց խորապես համոզված շեշտով, սկսեց․

— Հաջի էֆենդի, որոշեցի բոբիկ ոտքով Մեքքե երթամ, հաջի ըլլամ ու ետ գամ։ Ուխտ եմ դրեր, կուզեմ կատարել։

— Շատ աղեկ բան ես մտքիդ դրեր, Ալի, գնա, բայց ինչու՞ բոբիկ ոտքով։

— Բոբիկ ոտքով, որպեսզի միտքս դրած մուրազս կատարվի։

— Շատ աղեկ, շատ աղեկ, — եզրակացրեց հայրս։