Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա՛ ինձնից ծծած կաթի մաքրությամբ, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Ողջ դալարն է սարսռում, իմ ջերմագին մոր սիրտն է շշնջում բոլոր պարտեզների բոլոր ծաղիկների բաժակներում։

Ըմպում եմ վարդի բույրը, թանձր՝ ինչպես մորս կաթը։

Իջնում է նորից գիշերը, խաղա՜ ղ, զովագին և աստղասարսուռ, անհո՜ւն մի գիշեր։

Մայրս գնաց արևի հետ։

Սպասում եմ առավոտին, սպասում եմ, որ մայրս ճչա նորից արևի հակինթյա սրինգով։


Գ

Այստեղ անմիջապես պետք է հիշեմ պապիս՝ մորս հորը։

Հակառակ մորս հեզահամբույր բնավորության՝ պապս խստաբարո մի մարդ էր։ Կռվում էր ամենքի հետ, քառասուն տարով քեն էր պահում, բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը, ամբողջ կյանքում, բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել, կերել էր իր հոր հարստությունը, մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել, վերջացրել էր, որդիներն էին մեծացել և նրանց հաշվին էր ապրում։

Պապիրոսի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե բազար