Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ աղերսագրերը նա արտադրում էր մի հաստափոր գրքից, փոխելով անուններն ու թվականները։

Պատրաստի նամակի համար ստանում էր տասը փարա, իսկ աղերսագրերի համար՝ 60 փարա։

Արդյոք Նազար աղան մի օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին։ Չեմ կարծում, որովհետև մեր տան լուսամուտի առաջից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս մտիկ չէր տալիս։

Մի անգամ Նազար աղայի մասին հարց տվի մորս։ Նա ասաց․

— Աղեկ մր չեմ հիշեր, տղա՛ս, շատ տարի առաջ ատպես խոսք մը եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնա՜ց։


***

Ես բաղնիս գնում էի մեր տան կանանց հետ։

Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիքը, որովհետև մինչև հիմա էլ հիշում եմ կավերի հոտը, գոլորշին, սիրտ մարեցնող տաք և խըշխըշ ջուրը և կանանց բլրացած ճարպն ու միսը։

Հորաքույրս բաղնիքում միշտ լողանալով չէր զբաղվում։

Նա ամենայն ուշադրությամբ և չարությամբ դիտում էր հասունացած աղջիկներին, որպեսզի դուրս գար բաղնիքից և սկսեր խոսել և բամբասել։ Բաղնիքից անմիջապես հետո չէր կարող դռնե֊դուռ մտնել և սկսել բամբասանքը, որովհետև, հոգնած էր լինում, այնքան չեչքար էր քսում մարմնին և վառող֊թափող դեղեր էր գործածում։

Բայց հաջորդ օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները։

Մտնում էր Եղիս խանումի մոտ։

Եղիս խանումը մի կին էր, որ իր իսկ շվաքից էր վախենում, որի տան լուսամուտների վարագույրները միշտ փակ էին, ուրիշի անունը չէր արտասանում, որպեսզի մի գուցե բամբասանք չդառնա։ Եղիս խանումն ուներ մի տղա (40 տարեկան) և մի աղջիկ (35 տարեկան)։ Որդուն չէր պսակել, որպեսզի քաղաքում խոսք֊զրույց չլինի, իսկ աղջկան էլ տեսնող չէր եղել, որ ուզեր։