Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 51.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Բայց պարոն Աշուրը մեզ չմոռացավ։ Նա երբեմն հանդիպում էր մեզ փողոցում, կանգնեցնում ու հրամայում՝ «Հայերեն գիրքդ կարդա»։ Ստուզում էր ուզում կատարել մեր առաջադիմության մասին։ Երբ լավ էինք կարդում, պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր․ «Քոքը աղեկ դրեր իմ, մաշալլա՜հ․․․»։

Մի օր պարոն Աշուրը հայտնվեց մեր տանը՝ գոհունակ ժպիտով և ժայռագույն աչքերն ավելի խոշորացած։ Նրա հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ մենք հողին էինք հանձնել մեծ եղբորս մանչ երեխային՝ Տիգրանին։ Այդ առթիվ ես գրել էի մի ոտանավոր և, առանց ոչ ոքի մի բան ասելու, ուղարկել էի Զմյուռնիա՝ «Արևելյան մամուլ» շաբաթաթերթին։ Այդ ոտանավորը տպվեց՝ առաջին տպագրված «երկը» իմ կյանքում։ Պարոն Աշուրը եկել էր մեր տունը այդ ոտանավորը կարդալուց հետո, եկել էր գոհունակ ժպիտով և ժայռային աչքերն ավելի խոշորացած։

Մի քանի գովասանական խոսքեր ասելուց հետո՝ նա հայտարարեց․ «Քոքը աղեկ գրեր իմ, մաշալլա՜հ․․․»։


Է

Ես ունեի երեք քույր՝ Խասիկր, Սիրանուշը և Ձայնիկը։

Խասիկը մեծ եղբորիցս փոքր էր, բայց Գևորգից և Լևոնից մեծ, ես եղբայրներից ամենափոքրն էի, իսկ Սիրանուշը և Ձայնիկը ինձանից փոքր էին։

Խասիկին ես հիշում եմ հորս կապակցությամբ՝ հորս հողաթափներն էր տալիս, ջուր էր լցնում, որ լվացվի, չափազանց աշխատասեր մի աղջիկ, որ հորս մատուցած ծառայության մեջ գտնում էր խոր երջանկություն։

Թե ինչպես նա կապվեց Ամերիկայից եկած ոսկյա ատամնավոր մի մարդու, չգիտեմ, մանրամասներն ինձ ծանոթ չեն, բայց գիտեմ, որ նա դժբախտ եղավ։

Անձնվեր աղջիկ էր, ուրիշին միշտ ծառայելու պատրաստ, անում էր այն, ինչ որ կարող էր։

Սիրանուշը սև, խոշոր աչքերով, սպիտակ մորթով, առատ մազերով մի աղջիկ էր, խոսում էր ու ծիծաղում և ուրիշին ճաքեցնելու մեծ հատկություններ ուներ։ Ճաքեցնելու համար