Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 54.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Ո՛չ մի կանթեղ թավուտների մուգ կանաչում։ Խոշորացած և երկնքից վար ընկած աստղ, Քրիստինե՜, ես քեզ հիշում եմ։


***

Վերոնին ես տեսնում էի տարեկան մի անգամ։ Մայրս ինձ նշանել էր նրա հետ օրորոցում։ Եվ այդ պատճառ էր լինում, որ նա փախչեր ինձանից։ Փոքրիկ և բոսո՛ր աղջիկ, ես հիշում եմ քո մարգարտյա ատամները, քո ծնոտի փոսիկը, քո ձեռքը, որի նմանը ես տեսա միայն Ջիոկոնդայի կրծքի վրա, հիշում եմ քո ճակատը՝ բարձր և լայն։

Ես լսեցի, որ երկինքը խորտակվել է քո պայծառ պարտեզների վրա․․․


***

Հիշում եմ մորաքրոջս աղջկան՝ Ռեբեկային։

Մեծղի, առողջ, ժիր, շարժուն, մտացի և պոետ մի աղջիկ էր Ռեբեկան, որի կապույտ և խոշոր աչքերը միայն բավական էին, որ կարելի լիներ վերականգնել ողջ խորտակված երկինքը։

Այդ երկինքը խորտակվեց Ռեբեկայի լուսաբացի բարձր և սպիտակ շուշանների վրա։ Տարան նրան արաբական անապատները․․․ լսեցի, լսեցի ահավոր մորմոքով, որ նրա արևային ճակատի և այտերի վրա խալեր են դրոշմել․․․

Քու՜ր, խոնարհվում եմ քո զարհուրելի ճակատագրի առաջ․․․

Ընդունի՛ր քո եղբոր արցունքը․․․


Ը

Մեր փողոցը հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում հին Հռովմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր, օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս֊անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»՝ Բաղդադ։