Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 72.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Տեներն է, թռուցիկ կը թռցնե, — պատասխանեց մայրս։

Պարզ էրք որ մայրս տեղյակ չէր, թե ինչ էր պատահել։

Հայրս բացատրեց նրան։ Մայրս երկու ձեռքերով բռնեց քունքերը և բացականչեց․

— Վու՜յ, աչքս քոռնար․․․

Պահարանում ես կծկվեցի վախից։

Քիչ անց մայրս սկսեց մտահոգվել իմ ճակատագրով։

— Շատ աղե՜կ, եղածը եղեր է, քա չոջուխն ու՞ր է։

Եկան եղբայրներս ու քույրերս։ Տան մեջ սկսվեց չտեսնված որոնում։ Տան բոլոր ծակուծուկերը քրքրեցին, բացի հորս սենյակից։ Ով կարող էր մտքովն անցկացնել, որ հենց այդ սենյակում էի թաքնված։

Եղբայրներիցս ամեն մեկին ուղարկեցին հարևանների և ազգականների տները։ Վերադարձան թե՝

— Էնտեղ չի գացեր։

— Բախչայի ծառերուն վրա նայեցեք, — կարգադրեց հայրս։

Եղբայրներս ընկան պարտեզը, վերադարձան թե՝

— Չկա։

— Մութ է, չերևար,— կասկածեց մայրս։

— Լուսնի լուս է, — պատասխանեց մեծ եղբայրս։

Հայրս լցրեց օղու բաժակը (ես դիտում էի վարագույրի ճեղքից), բռնեց, բարձրացրեց վեր, որ ճնկեր, ձեռքը մնաց օդում։ Նա երևում էր չափազանց մտահոգ։

— Չոջուխն ի՞նչ եղավ, — շշնջաց նա։

Նրա ձայնը դողդոջեց և թաղվեց խորը թախիծի մեջ։

Եթե այդ րոպեին ես ցատկեի պահարանից դուրս, հայրս ինձ կգրկեր ու կսեղմեր իր կրծքին, բայց, չգիտեմ ինչու, չարի։

— Ակո՛բ, տղաս՛, ձին նստե՛, գնա քաղաք, եկո՛, մութլախա[1] քեռանց տուն է գացեր,— ասաց մայրս մեծ եղբորս։

Եվ ետևից պատվիրեց.

— Ռիվոլվերը հետդ առ, եթե չոջուխը հոն է, հետդ մի բերեր, կվախնա, թող հոն կենա, քանի մ՚օրմեն թո՛ղ տղաքը բերեն։

  1. անպայման