Էջ:Կյուրեղ աղայի մահը 07.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Տայիր որ երթար, աղեկ չես ըրեր,— նետեց Կյուրեղ աղան։

— Հո՜, հո՜,— ապշեց Սահակ աղան— վա՜յ, ես քու սուրբ փեշերուդ մեռնիմ, խղճմտանքդ արթնցեր է…— հեգնեց նա։

— Հիմա ինադ կ՚ էնես, չես տար, ամա տարիներ չես մոռնար,— անկեղծորեն ասաց Կյուրեղ աղան։

Այլևս խոսակցությունը չշարունակվեց, որովհետև Սահակ աղան, կարևորություն չտալով Կյուրեղ աղայի խոսքերին, շարունակեց ճանապարհն անվրդով։

Այդ հարցն էլ մոտավորապես Հաջի Քորոյի հարցի նման էր. Սահակ աղան հաջողել էր, հորեղբոր մահից հետո, թաքցնել նրա փողը և չտալ հորեղբոր որդուն։ Վերջինս դիմել էր դատարան և գործը տանուլ էր տվել։

«Երանի քսան տարի առաջ տված լինեի, վերջանար․․․» ասաց Կյուրեղ աղան մտքում։

Ճիշտն ասած՝ ինքը չէր ասում, այլ այն ուժգին և ծանր բախումը, որ զարնվում էր նրա հոգու դռանը և ասել տալիս։

Կյուրեղ աղան հասավ խանութ, բաց արավ դուռը և առաջին փեղկը բաց անելուց հետո, երբ խանութի ներքնակողմի մութը փախավ դրսից խուժող լույսի առաջ, ըստ սովորության խաչակնքեց և նորից հիշեց Հաջի Քորոյի խոսքը, կարծես կողքին կանգնած՝ ականջին շշնջաց՝ «Ծակծկիս ու անանկ տախտակին ելլես»։

Վերջին փեղկը հազիվ էր բաց արել, երբ ներս մտավ Վերի թաղի քահանան։

— Աստված օրշնե, Կյուրե՛ղ աղա։

— Օրշնյա ի տեր, Տեր Պապա,— պատասխանեց Կյուրեղ աղան շրթունքների թեթև դողդոջով և մտքում ասաց,— հեչ մարդ չիկար, աս սև սատանա՞ն սիֆթա տ՚էներ։

— Կյուրեղ աղա, քանի մի հատ խայֆեի ֆինջան կուզիմ։

— Քեֆիդ ուզածն ա՛ռ, Տեր Պապա, քանի՞ հատ կուզես։

— Տեսնա՜նք, երկու հատ, իրեք հատ…

Երբ քահանան զգաց, որ Կյուրեղ աղան մտադիր է իրենից փող չվերցնել, վեց հատ ջոկեց։

Կյուրեղ աղան էլ, իր կարգին, գլխի ընկավ, որ եթե ձրի չլիներ, վեց հատ չպիտի վերցներ, մտքում ասաց․ «Ես գլխու վրա եկող չիմ»։ Եվ քահանային դառնալով, ասաց.

— 127 —