Էջ:Կյուրեղ աղայի մահը 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա՛ջ աղա, ես քեզ մեղա՜, ես քեզ մեղա՜, Հա՛ջ աղա, ես ըրի, դուն մ՚էներ։

Կյուրեղ աղան ուղղակի բառաչում էր, ինչպես մորթվող կովը։

Հազարխան խաթունը «Հաջ աղա» անունը լսելիս անմիջապես գլխի ընկավ, թե ո՛ւմ էր ակնարկում։

— Հա՛ջ աղա, փարադ որո՞ւ տամ,— աղաչում էր Կյուրեղ աղան։

— Մորքրոջ աղջիկ մի ունի, էնոր տանք,— առաջարկեց Հազարխան խաթունը, որի ձայնը ևս սկսեց կերկերալ։

— Հա՛ջ աղա, ո՛տքդ պագնիմ…

Հաջի աղան եղել էր մի ծերունի մարդ, որի 70 ոսկին Կյուրեղ աղայի մոտ էր մնացել, երբ ծերունին հանկարծակի վախճանվել էր։ Կյուրեղ աղան ձայն-ձուն չէր հանել, ո՛չ ոքին չէր ասել, և երբ դպրոցի հոգաբարձության մի անդամը նրան ասել էր, թե՝ լսել է, որ այդպիսի մի գումար մնացել է մոտը, լավ կը լինի հատկացնի «ի պետս դպրոցաց», Կյուրեղ աղան երդում արել էր, որ այդպիսի գումար չկա մոտը։

— Ճիշտ է, էդ փարան քովս էր, ամա մահվանից առաջ լուսահոգին ուզեց, տվի, կոտրտվիմ, հլոս-հլոս ըլլիմ քի՝ էդ փարան քովս է,— ասել էր Կյուրեղ աղան։

— Հա՛ջ աղա, ժամուն կուտամ, էս իրկուն կը ղրկիմ,— խոսում էր Կյուրեղ աղան, դեմը քարի նման կանգնած տեսիլքին։

— Հազարխա՛ն, կասսայեն հարյուր ոսկի վերցո՛ւր, ղրկե՛ Տեր Համբարձումին, թող բաժնե տնանկ աղքատներուն, ընծի համար ըլ պատարագ թող ընե։

— Քա՜, ինչո՞ւ Վերի թաղի տերտերին, մե՛ր տերտերին կը ղրկեմ։

— Չէ՛, Հազարխան, չէ՛, ես բան մը գիտեմ, որ կըսիմ, առտուն Տեր Համբարձումը խանութս եկավ քնծոր իրեք հատ ֆինջան հեդիյե տվի, ամա մեկալ իրեքի համար էնքան փարա առի, որ… ա՛լ մի՛ հարցներ… մեղքերս շատ են։ Տեր Համբարձումին ղրկե, կեսը ի՛նքը կուտե, կեսն ըլ ուրիշին կուտա, մեղքերուս տեղը կուգա։