Էջ:Կյուրեղ աղայի մահը 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչքան պատմում էր, կարծես այնքան թեթևանում էր, ուստի սկսեց ավելի մանրամասնությամբ պատմել։

Հազարխան խաթունին դուր չեկավ ամուսնու անկեղծությունը։

— Հերի՛ք է պատմես,— ասաց նա,— սրտիդ աղեկ չէ։

Կյուրեղ աղան զայրացկոտ աչքերը ման ածեց կնոջ վրա։

— Թող պատմե, Հազարխան խաթուն, ֆերահլամիշ (զովանալ, հովանալ) կըլլի,— միջամտեց Ավետիս էֆենդին։

— Բերանդ պագնիմ, շիտակ է, ֆերահլամիշ կըլլիմ,— դարձավ Կյուրեղ աղան Ավետիս էֆենդիին և շարունակեց.— Պատվական դրացիիս ըսեմ՝ Աբգարր կար, կը հիշե՞ս, Կուզին տղան։

— Հա՛, ինչպե՞ս չէ, աղեկ կը հիշիմ։

— Էդ սարսախը եբոր մեռավ՝ խանութիս մեջ դերի (մորթի) թողուցեր էր, ծախեցի, ութը ոսկի բռնեց, ալ եթիմին չտվի…

Երբ Կյուրեղ աղան եթիմի խոսքն արավ, Ավետիս էֆենդին սկսեց վատ զգալ։

…Եթիմը չէր գիտեր, թե իմ քովս դերի կա, քանի անգամ որոշեցի տամ, սատանան ձեռքս բռնեց…

Ավետիս էֆենդին ջուր ուզեց, բռնեց ճակատը, կարծես տաքություն ուներ։

…Գիշերր կորոշեի տամ, առտվուն սատանան դեմս կտնկվեր, ձեռքս կբռներ, չէր թողուր ու չէր թողուր։

Ավետիս էֆենդին ջուրը խմեց, բայց ոչ մի ազդեցություն չարավ։

Ներկաները նշմարեցին նրա տանջանքը։

— Քա՜, դո՞ւն ինչ եղար, Ավետիս էֆենդի,— հարցրեց Հազարխան խաթունը։

Ավետիս էֆենդին ոչինչ չպատասխանեց։

Նրա առաջ էլ, հին հուշերի մթին խորությունից, բարձրացավ և կանգնեց մի որբ, կենդանի և պայծառ, մի որբ, գլխիկոր և խեղճ, որի արդար իրավունքը կուլ էր տվել ինքը՝ Ավետիս էֆենդին։

— Կյուրեղ աղա, Հազարխան խաթունը շիտակ է, սրտիդ աղեկ չէ, հերիք է պատմես, ամեն մարդ ըլ իր կենաց օրերուն մեջ պզտիկ-մզտիկ անարդարություններ ըրեր է,— ասաց Ավետիս էֆենդին։