Էջ:Կյուրեղ աղայի մահը 27.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Կյուրեղ աղան կլորվել, կծկվել, դեմքն ամբողջովին այլանդակվել էր։

— Քա՜, մեռե՜ր է…— հանկարծ բղավեց Հազարխան խաթունը և ընկավ վրան։

Երկու քույրերր և երեխաներն սկսեցին ողբը։ Հարևանները թափվեցին ներս։

Հազարխան խաթունը, ծնկներին զարնելով, լաց էր լինում, ողբում և ասում։

— Գացե՛ք, ըսե՛ք Հաջի Քորոյին, թող գա թաղե, պզտախպարը մեռեր է, աստված ձանը լսեց, թող գա, պատանք շինէ ու թաղե, վա՜յ, վո՜ւյ, վա՜յ…

Հաջի Քորոն առավոտյան, ճիշտ այդ ժամին, դուրս էր գալիս եկեղեցուց։ Եկեղեցու բակում անսահման խաղաղություն կար, խաղաղություն կար և ծառների մեջ, տերևների վրա, իսկ ծառների գագաթներին բազմել էր մի մեծ առավոտ։

Եկեղեցուց դուրս եկողները, որոնք բացառաբար կանայք և ծերունիներ էին, որովհետև կիրակի և տոն օր չէր, դուրս էին բերում իրենց հետ ընտանի որոճացող կենդանիների անդորրությունը և օրորուն նայվածքը։

Հաջի Քորոն մոտեցավ մի քանի պառավների և հարց ու փորձեց նրանց վիճակը, առողջությունը, իսկ բակից դուրս գալիս լսեց նա եղբոր մահը և արցունքոտ աչքերով, անկեղծորեն տխուր, աճապարեց դեպի մեռելատունը։

Հազարխան խաթունը, տեսնելով նրան սենյակի շեմքից ներս մտնելիս, սկսեց լաց լինել և ասել.

— Եկո՛, Հաջի՛ Քորո, եկո՛, աստված ձանդ լսեց, պզտախպարդ չիկա…

Հաջի Քորոն էլ, արցունքներով ողողված, պատասխան տվեց և ասաց.

— Բերանս չորնա՜ր, չըսեի՜…


1934 թ.