Էջ:Կորսված արդարություն 2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն ինչ, տակնուվրա դարձրեց ամեն բնակություն, և այդպես առաջ էր գնում, հուսալով բռնել Արդարությանը։

Նրանից հետո ճանապարհ ընկավ Արդարությունը որոնելու մի շատ հարուստ մեծատուն։ Ոսկի ու արծաթ, զարդ ու զարդարանք բարձեց ուղտերի և, վստահ իր ոսկու վրա, տնից դուրս եկավ։ Ասում են, որ մի քանի հատ էլ սիրուն կանայք վերցրեց, որ ոսկու փայլի վրա գեղեցկության հրապույրն էլ ավելացներ։

― Կտեսնեք,― պնդում էր նա,― Արդարությունը ոսկովս պիտի գնեմ, կանանցով պիտի գրավեմ և սնդուկիս մեջ դրած՝ պիտի մեջտեղ բերեմ։

Այդպես էր ահա, որ բռունցքն ու ոսկին գնացին Արդարությունը որոնելու․․․ Եվ դեռ գնում են։

Թո՜ղ գնան։



Տեսնենք այժմ, թե ո՞վ էր այդ երրորդ անձը, որ խեղճ ու կրակ, ցնցոտիք հագին, ճակատը վշտերով խոր֊խոր ակոսած, մտածեց ելնել Արդարությունը որոնելու։

Ասենք ազնվականը սուր ուներ, հարուստը՝ ոսկի, իսկ նա ի՞նչ ուներ, ինչո՞վ պիտի գտներ Արդարությունը։

Թշվառն էր դա։ Բոլոր ընծաների փոխարեն էլ տարածն էր մի չնչին սրվակ, որ ամուր կերպով սեղմել էր կրծքին և համառությամբ ճանապարհ ընկել։ Բանն այն է, որ սրվակը լցրել էր մի չլսված հեղուկով։ Որբից մի արցունք, ընկածից մի հառաչ, գործավորից մի դառը քրտինք… Մի խոսքով, վշտերի արցունքներից մի֊մի կաթիլ ժողոված, լցրել էր շիշը, պինդ փակել և կարծում էր, թե տարածն անշուշտ պիտի գրավեր Արդարությանը։

Ու քայլում էր։ Անցնելով մեծ֊մեծ քաղաքներից, խուլ, հեռավոր գյուղերից, քայլում էր անխոնջ, ձորեր ցած իջնում, լեռներն ի վեր ելնում, ամեն քայլափոխին էլ կանգ առնելով՝ կանչում․

― Ո՞ւր ես, Արդարությո՛ւն։

Արդարությունը չկար։ Ո՛չ երևում էր, ո՛չ էլ ձայն տալիս։