Էջ:Կորսված արդարություն 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Անոթի, ծարավ, հոգնած, վշտալից, երկար թափառեց թշվառն ամեն ուղղությամբ, սրտի վրա սեղմած ունենալով սրվակը, որի հեղուկը սկսել էր եռալ ու տաքանալ։ Արդարությունը սակայն չխղճաց նրան էլ. ո՛չ երևաց, ո՛չ էլ գոյությունը հայտնեց։

Վերջապես, երբ հուսաբեկ և ուժասպառ հասել էր լեռան կատարին, նստեց մի ժայռի վրա և սկսեց մտածել, թե իզուր էր Արդարությունը որոնել, քանի որ խուսափում էր նա թշվառից անգամ։

Եվ երբ այդպես մտածեց, բարկացած հանեց ծոցից սրվակն ու խփեց ժայռին։

— Գնա՛, ոչնչացի՛ր,— գոչեց նա,— իզուր են բոլոր վշտերն ու արցունքները․ Արդարությունը թշվառին չի՛ սիրում․․․

Բայց հազիվ թե սրվակը փշրվել էր, լսվեց մի ահեղ որոտում․ հոսած արցունքներից թանձր ծուխ բարձրացավ, փրփրաց, ոլորվեց և նրա միջից, ահաբեկ թշվառի առաջ, դուրս ցցվեց մի ահեղ հսկա։

Սարսափած թշվառն ընկավ երեսի վրա։

— Ելի՛ր,— կանչեց հսկան մեծաձայն,— ելի՛ր և մի՛ վախենալ։

— Ո՞վ ես դու, ահե՛ղ ոգի,— հարցրեց թշվառը։

— Ե՞ս,— գոչեց հսկան,— ես Բողոքն եմ, որ ծնա այդ թափած արցունքներից և որ պիտի աշխարհ բերեմ անհայտացած Արդարությունը․․․ Նայի՛ր․․․

Ապա արշալույսի կարմրորակ լույսի մեջ ցցվեց հսկայի վեհ հասակը, դարձած դեպի բարձրությունները, ուր սկսել էր մի փոթորիկ և ուր գետինն ամբողջ դողում էր դղրդյունով։

Եվ հեռուն, հսկայի պարզած ձեռքի կողմը, մի կույտ մաքուր ամպերի բացվածքից, երևան եկավ թաքնված Արդարությունը, խորունկ, տխուր հայացքով, առանց կշեռքի, առանց մեծ սրի[1]։

  1. Հնումն Արդարությունը նկարվում էր որպես մի դիցուհի, աչքերը կապած, մի ձեռքին սուր և մյուսին՝ կշեռք։