Էջ:Հաճի Մարկոս աղա 23.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև հիմա պզտիկին նման ըմբոստության փորձ մը չըրավ։ «Հայրդ՝ Հաճի Մարկոս աղա»։

Այս նամակը, հայտնի է, վերեն վար ստախոսության դասական նմուշ մըն է։

Իսկ երկրորդ նամակը գրված էր այնպես, ինչպես դեպքերը տեղի ունեցած էին։


Թ

Մեսրոպի համար կը մնար միայն հավատալ մեկին կամ մյուսին և հավատալեն հետո վճռական միջոցներ ձեռք առնել, բայց Մեսրոպ սովորականին պես դանդաղեցավ և հազիվ ութն օր հետո կրցավ եզրակացության մը գալ— գրել Պողիկին և անկե հասկնալ տարբերությունը իր բարեկամին և հորր գրած նամակներուն միջև։

Նամակը գրեց և կսպասեր անհամբեր պատասխանի, երբ հորմեն ուրիշ նամակ մըն ալ ստացավ, որ կը գրեր Պողիկի ճամբա ելլալը առանց իր կամքին։ Նույնիսկ հորը հետ մնաք բարով չէր ըսած, միայն եկած էր տունը ցորեկին մայրը և եղբայրը տեսնելու և հեռացած էր պապենական օջախեն անգամ մըն ալ չի վերադառնալու երդումով։

Մեսրոպ այնքան մտախոհ վիճակի մը մատնվեցավ այս լուրեն հետո, որ չի կրցավ ըմբռնել, թե Պողիկի գալը լա՞վ էր, թե վատ։

«Ապուշ տղան եթե ինծի գիտցներ գալը, գոնե այնպես մը կը կարգադրեի, որ հարսն ալ հետը բերեր»,— կը մտածեր ինքնիրեն Մեսրոպ և ձեռքերը ծունկերուն կը զարներ։

Ապա Մեսրոպ չի կրցավ կետ մը լավ ըմբռնել։ Պողիկը ի՞նչ միջոցներով կրցած էր իր ճամբու ծախսը հայթայթել, ինք գիտեր, որ իր ղրկածները հազիվ կր բավեին տան ծախսերուն, ո՞ւրկե Պողիկը դրամ առած կըլլար և հետո ո՞վ պիտի վճարեր։

Անցավ մեկ քանի օր, երբ փոխգիր մը եկավ Մեսրոպի վրա վճարելու։ Պողիկը ճամբա ելլելու համար իր մեծ եղբոր վրա փոխդիր քաշած էր։ Մեսրոպ չի կրցավ այս փոխգիրը վճարել և մտածեց ետ ղրկել, բայց Պողիկը արդեն ճամբա ելած էր, որո՞ւ օձիքեն պիտի բռնեին, եթե ոչ իր հոր։ Մեսրոպ չուզեց