Էջ:Հաճի Մարկոս աղա 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր հետ քու ամուսինիդ բացակայության, որ քու կողմդ կբռներ։

Հովհաննես մեկ քանի անգամ առանձին սենյակ կանչեց իր հայրը և ըսավ, որ պետք էր թողուր իր այս վարմունքը հարսին հանդեպ, բայց դրական օգուտ մը չի կրցավ ձեռք ձգել։ Հաճի Մարկոս քանի գնաց հրեշացավ, ավելի և ավելի գազանային բնազդներ որդեգրեց։ Աղավնին սկիզբները լռեց, համբերեց, ինչ որ խոստացեր էր իր տագրին, բայց հետզհետե ավելի անտանելի դարձավ, որովհետև Հաճի Մարկոս աղա կարծեց, թե Պողիկի հեռացումը Աղավնիի թևերը կոտրեց և լեզուն վար քաշել տվավ։

Աղավնին չդիմանալով իր կեսարոջ գազանություններուն՝ իրիկուն մը հավաքեց իր հագուստները, գոհարեղենները և հեռացավ տանեն, անիծելով իր այնտեղ մտած օրը, և գնաց ուղղակի իր մոր մոտ։

Հաջորդ աոավոտուն իսկ Աղավնին իր մեկ մատանին ծախել տվավ, որպեսզի կարենա իր ծախսը հոգալ և մուրացկան մոր վրա բեռ չըլլալ։

Ամբողջ ութն օր ոչ ոք չի գիտցավ Աղավնիի տունեն հեռանալը, որովհետև կը կարծվեր, որ մայրր տուն տարած էր իր աղջիկը։

Հաճի Մարկոս աղա մեկ երկու օր նստավ մտածեց, ինքնիրեն ֆսրտաց, հայհոյեց և որոշեց կանչել Հովհաննեսը և համոզել երթալու և Աղավնին տուն բերելու։

— Տղա՛ս, շանը համար հոգ չեմ ըներ, բայց ուրիշներ ի՞նչ պիտի ըսեն, Մեսրոպս լսե ի՞նչ պիտի ըսե, պիտի կարծե, որ ես թերևս հետը լավ չեմ վարվիր, գնա՛ և տուն բեր։

Հովհաննես ապշեցավ այս խոսքին վրա։

«Արդյոք իսկապե՞ս հայրս կը մտածե, որ հարսին հետ լավ կը վարվի»,— մտածեց ինքնիրեն, բայց եզրակացնելով, որ հայրը պարզապես կեղծավորություն կընե և եթե մինչև անգամ երթա և հարսը տուն բերե, դարձյալ պիտի սկսի հին պատմությունը, հայտարարեց.

— Ես ոչ կերթամ և ոչ ալ կը բերեմ, ավելի լավ է այստեղ մնալ մինչև որ ամուսինը ի վիճակի ըլլա քովը տանելու։

— Դո՞ւն ալ իմ նամուսիս հետ կը խաղաս,— պոռաց հայրը։