Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ին համապատասխան գիտ․ լեզու և տերմինաբանություն։ Այդ բնագավառում դաս․ հայ-ի բացերը լրացնելու համար հունաբան դպրոցի ներկայացուցիչները կատարեցին նորամուծություններ, որոնց հիման վրա ձևավորվեց հետդաս․ գրակ․ հայ-ի գիտ․ տարբերակը՝ Հ․հ․։ Նրանք ստեղծեցին բազմաթիվ նախածանցներ, որոնցից շատերը (ապ, առ, արտ, բաղ, բաց, գեր, ենթ, հակ, մակ, ներ, ստոր, վեր, փոխ ևն) արմատացան հայ-ում և ընդարձակեցին նրա բառակազմ․ միջոցները, հարստացրին բառապաշարը, հնարավորություն տվեցին հուն-ից պատճենելու գիտության մի շարք բնագավառների բազմաթիվ տերմիններ։ Հունաբան դպրոցի քերակ․ նորամուծություններից են երկակի թվի, քերակ․ սեռի գործածությունը, հոլով․ որոշ ձևերի կերտումը, բայի խոնարհման մեջ արհեստ․ եղանակների ու ժամանակների ստեղծումը ևն, որոնք, խորթ լինելով հայ-ին, հետագայում մերժվել են։


ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՐ, մ․թ․ա․ մոտ IX դարում փյունիկյան բաղաձայնական գրի հիման վրա ձևավորված առաջին հնչյունական գիրը, որ ներառում է նաև ձայնավորների համակարգը։ Նախնական աջից ձախ գրությանը հաջորդել է պարուրաձև (բուստրոֆեդոն, հուն․ «եզան շրջադարձ»), ապա՝ մ․թ․ա․ IV դ․ հաստատվել է ձախից աջ գրությունը։ Հուն․ հնագույն գրավոր հուշարձանները (մ․թ․ա․ VIII-VII դդ․) գտնվել են Եգեյան ծովի հվ․ կղզիներում։ Հնագույն Հ․գ-ի արլ․ տարբերակի վրա Հոնիայում ձևավորվել է դաս․ Հ․գ․, որը մ․թ․ա․ 403-ին պաշտոնականացվել և աստիճանաբար դարձել է միակ գրային համակարգը ամբողջ Հունաստանի համար։ Հուն․ դաս․ այբուբենն ունի 24 տառ (17 բաղաձայն, 7 ձայնավոր)։

Հայկ․ այբուբենն ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցն այլ այբուբենների հետ միաժամանակ ուսումնասիրել է հուն․ այբուբենը, ղեկավարվել նրա սկզբունքներով․ դրանցից են հայկ․ այբուբենի անջատ․ բնույթը, աջընթաց գրությունը, տառերի դասավորությունը։ Դրա ապացույցն է նաև մի քանի տառերի ակնհայտ նմանությունը հուն․ տառերին, ւ-ի և ու երկնիշ տառի առկայությունը հուն-ի նմանողությամբ ևն։ Հ․գ․ հիմք է ծառայել նաև այլ այբուբենների ստեղծման համար։

Գրկ․ Լոուկոտկա Չ․, Գրի զարգացումը, Ե․, 1955։ Истрин В.А., Возникновение и развитие письма, М․, 1965․


ՀՈՒՆԱՆՅԱՆ Արծվի Ստեփանի [ծ․ 5․4․1926, գ․ Ղուկասյան (այժմ՝ գ․ Աշոցք, Շիրակի մարզում)], գրականագետ, թատերագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1994)։ Ավարտել է ԵԹԻ (1949)։ 1953-62-ին՝ Հայպետհրատի խմբագիր, 1962-67-ին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստ-ի ավագ գիտ․ աշխատող, 1968-ին՝ «Գրական թերթի» բաժնի վարիչ, 1980-86-ին՝ «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։ Հ-ի հոդվածներն ու աշխատությունները վերաբերում են հայ դրամատուրգիայի, ինչպես և թատրոնի ու կինոյի զարգացման, տեսության և պատմության հարցերին։

Երկ․ Արդի հայ դրաման, Ե․, 1964։ Դրամատուրգները և արդիականությունը, Ե․, 1978։ Դրամատուրգիա և թատրոն, Ե․, 1980։ Սովետական հայ դրամատուրգներ, Ե․, 1986։ Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Ե․, 1988։


ՀՈՒՆԱՆՅԱՆ Արտաշես Արմենակի [15․9․1922, գ․ Ծաղկաշեն (ՀՀ Լոռու մարզում) - 19․10․1994, Գլենդեյլ (Կալիֆոռնիա, ԱՄՆ)], նկարիչ։ Ավարտել է ԵԳԹԻ (1956)։ 1960-82-ին դասավանդել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժ․ ինստ-ի գեղանկարչության ֆակ-ում։ Ստեղծագործել է գեղանկարչության, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Աշխատանքներից են «Քաղաք» (1960-61), «Վլադիվոստոկում» (1971), «Սախալինյան հուշեր» (1971), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1970-88) նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» (1962) նկարազարդումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968) գրաֆիկ թերթերը ևն։ Հ-ի արվ-ին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական և արդիական ձևամտածողության նուրբ համադրումները։ Գրել է բանաստեղծություններ («Պահպանակ», 1994)։ Անհատ․ ցուցահանդես է ունեցել Երևանում (1968)։


ՀՈՒՆԱՍՏԱՆ, Հունաստանի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզում։ Տարած․ 131,9 հզ․ կմ 2, բն․ 10,5 մլն (1995)։ Մայրաքաղաքը՝ Աթենք (3,5 մլն)։

Դիվանագիտ․ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։

Հայերը Հ-ում զանգվածային բնակություն են հաստատել V-VI դարերից։ Հայկ․ պետականության անկման և պարսկա-բյուզանդ․ պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հ-ում։ Բյուզ․ կայսրության (որի մասն էր կազմում Հ․) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ․ բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ․) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ VIII-IX դդ․ բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հ-ում և, ընդհանրապես, Բալկաններում։ Բյուզ․ կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ․ 1-ին կես) պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հաս․, ռազմ․, քաղ․, տնտ․ և մշակութ․ կյանքում։ Բազմաթիվ հայեր եղել են VII դ․ ստեղծված բյուզ․ ռազմ․ շրջանների բանակաթեմերի զորավարներ։ Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութ․ կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) կրթվել են հայ երիտասարդներ։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ 858-867-ին և