Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ժառանգաբար վարել են Ամատունի նախարար․ տոհմի իշխանները։ Հ-յան գործակալը՝ հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետ․ հարկերը, հսկել ճանապարհների, ջրանցքների կառուցման, անտառապատման և համապատասխան նշանակություն ունեցող այլ աշխատանքներ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Մեծ Հայքի Հ-յան գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) անվանում է նաև մարզպան։


ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿ (Achillea), բյուրատերեվուկ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ կարմրավուն՝ խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում։

ՀՀ-ում հանդիպում է 9 տեսակ․ նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն։ Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ՝ կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում։ Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև Հ․, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։ Հյութը և թուրմը կիրառվում են ժող․ բժշկության մեջ։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։ Նեղատերև Հ․ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։


ՀԱԶԱՐԱՓԵՇԱ, հազարփեշա, պղընձե կամ արծաթե կուժ։ Ունի լայն, գլանաձև իրան և նեղ, երկար վիզ։ Հայաստանում օգտագործվում է հիմնականում ջրի և գինու համար։ Հ․ հաճախ դրվագվում է։


ՀԱԶԶՈ, Հզու, Խզու, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշ գավառի Սասուն գավառակի կենտրոնը, Բիթլիսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք, Արզան (Խարզան) գետի աջ ափին, բերրի սարահարթում։ XVI դ․-XIX դ․ 40-ական թթ․՝ նշանավոր բերդաքաղաք, համանուն քրդ․ հուքյումեթության (կիսանկախ իշխանություն) կենտրոնը։ Ըստ Ղ․ Ինճիճյանի՝ XIX դ․ սկզբին ուներ 500 տուն հայ բն․ (քաղաքի բնակչության կեսը)։ 1878-ին՝ 2400, 1914-ին՝ մոտ 3000 հայ բն․։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ։ Ունեին եկեղեցի (Ս․ Աստվածածին կամ Քաջ Մուշեղ), Կ․ Պոլսի Միացյալ ընկերության ջանքերով 1870-ական թթ․ բացված նախակրթարան։ Հ-ից ոչ հեռու, Նորշեն գ․ մոտ գտնվում էր Ս․ Կոնոնոսի վանքը։ Քաղաքի շրջակայքում կային մեծ թվով աղահանքեր։ Հ-ի հայ բնակչության մեծ մասը բնաջնջվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները հիմնականում ապաստանել են Արլ․ Հայաստանում։ Հ․ վերանվանվել է Քոզլուք։

Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Հայաստանի, հ․ 1, ԿՊ, 1884։ Տեվկանց Ա․, Այցելություն ի Հայաստան 1878 թ․, Ե․, 1985։


ՀԱԶԻՐ [Աբրահամյան Աբրահամ, 1845, Շուլավեր (հետագայում՝ Շահումյան ավան, Վրաստանում)-1922], գուսան։ Ապրել է Թիֆլիսում, ստեղծագործել հայ․ և վրաց․։ Աշուղ․ երգի նախասիրած ձևերն են ղողման, դիվանին, դուբեյթը ևն։ Նրա երգերից մի քանիսի թեման վերարծարծել և զարգացրել է Ջիվանին։ Հ-ի ստեղծագործություններն առանձին գրքերով լույս են տեսել հայ․ («Աշըգ Հազիրի երգերը», 1892) և վրաց․։


ՀԱԶԻՐԻ (Աթոյան Համբարձում, 1840, Ալեքսանդրապոլ-1876, Ալեքսանդրապոլ), գուսան։ Հորինել է մեծ մասամբ բարոյախրատ․ ու կրոն․ բովանդակությամբ երգեր։ Օգտագործել է աշուղ․ երգարվեստի բարդ ձևեր՝ դիվանի, թեջնիս, մուխամմազ ևն։ Նրա մուհամմը և հանելուկներից մի քանիսը տպագրվել են Բաքվում, 1878-ին, «Սոխակ Հայաստանի» երգարանում։

Երկ․ Շիրակի հայ աշուղները (ժող․), Ե․, 1986։


ՀԱԶԿԵՐՏ I Բազահքար (ծ․թ․ անհտ․-421), Պարսից արքա 399-ից։ Սասանյանների դինաստիայից։ Պայքարել է Պարսկաստանի բարձր ազնվականության և հոգևորականության դեմ։ Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների նկատմամբ վարել է կրոն․ հանդուրժողության քաղաքականություն։ Փորձել է Հայաստանում ուժեղացնել իրան․ ազդեցությունը։ Հայոց թագավոր Խոսրով Գ-ի մահից (415) հետո Հայաստանի գահը հանձնել է իր որդի Շապուհին (415-419)։


ՀԱԶԿԵՐՏ II (ծ․թ․ անհտ․-457), Պարսից արքա 439-ից։ Սասանյանների դինաստիայից։ Քրիստոնեությունը դիտելով Հայաստանի ու Բյուզանդիայի մերձեցման պատճառ և ձգտելով վերջ տալ հայերի ներքին անկախությանը՝ վարել է Հայաստանի տնտ․ կեղեքման, նախարարների ուժերը ջլատելու և բռնի կրոնափոխության քաղաքականություն, որն առիթ է դարձել հայերի 450-451-ի ապստամբության (տես Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451)։


ՀԱԶՐՈ, Հըզրո, Խազրու, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 70 կմ հյուսիս-արևելք, Խաչերդում լեռան հարավային ստորոտին, այգեպատ, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում։ Առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Ս․Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445-ի կոնդակում, «Հըզրաւ» անվանաձևով։ XVI-XIX դդ․ եղել է Թարջիլի (Թըռջըլի) քրդ․ իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն)։ XX դ․ սկզբին կար մոտ 400 տուն հայ բն․։ Զբաղվում էին արհեստներով,