Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեցին Մենոնին։ Գավգամելայի ճակատամարտից հետո Ա. Մ–ու չնվաճած Աքեմենյան տիրապետությունները, այդ թվում և Հայաստանը, անկախացան։ Երվանդ III՝ Մեծ Հայքում և Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում հիմնեցին ինքնուրույն թագավորություններ։

Իր իշխանությունն ամրապնդելու համար Ա․ Մ. հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ Ա. Մ. մ. թ. ա. 330-ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ 329-ին ներխուժեց Միջին Ասիա։ Բակտրիայի ու Սողդիանայի բնիկների ուժեղ դիմադրությունը և բանակում ծագած խռովությունները ճնշելուց հետո, 327-ի գարնանը մտավ Արևմտյան Հնդկաստան և 326-ին գրավեց Փենջաբը։ Ա. Մ. նպատակ ուներ շարունակել արշավանքը դեպի Գանգես, բայց հանդիպեց հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը։ Մ. թ. ա. 324-ին, ստիպված, բանակին հրամայեց վերադառնալ կայսրության մայրաքաղաք Բաբելոն։ Այստեղ նոր արշավանքների նախապատրաստվելիս՝ Ա. Մ. մահացավ մ. թ. ա. 323-ի հունիսի 13-ին, դողէրոցքից։ Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով ներքին տնտեսական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։ Ա. Մ–ու արշավանքներն օգնեցին առժամանակ հաղթահարելու ստրկատիրական կարգերի ճգնաժամը, նպաստեցին Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը, նրանց տնտեսության ու մշակույթի աշխուժացմանը՝ սկիզբ դնելով հելլենիզմին։

Գրկ. Ռեզնիկով Ի., Ալեքսանդր Մակեդոնացի, Ե., 1941։ Վիլլեր Բ., Մեծն Ալեքսանդր, պատմա–կենսագր. տեսություն, Վաղ–պատ, 1903։ Ե. Միրզախանյան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎՍԿԻ (մոտ 1220–1263), ռուս պետական գործիչ, զորավար, Նովգորոդի իշխան (1236–51), Վլադիմիրի մեծ իշխան (1252-ից)։ «Նևսկի» մականունը ստացել է Նևայի ճակատամարտում (1240) շվեդների դեմ տարած հաղթանակի համար։ Ա. Ն–ու գլխավորությամբ ռուսական բանակը Չուդ լճի սառույցների վրա ջախջախեց գերմանական ասպետներին (տես Սառցաջարդ 1242)։ Հենվելով մանր ազնվականության վրա՝ Ա. Ն. միավորեց Ռուսիայի հյուսիս–արևելյան և հյուսիս–արևմտյան հողերը, զսպեց բոյարների դիմադրությունը, ճնշեց գյուղացիության և քաղաքի չքավոր բնակչության հակաֆեոդալական ելույթները և ամրապնդեց կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխեց Ռուսիայի դեմ թաթարների արշավանքները։ Մահացել է նոյեմբերի 14-ին, Գորոդեցում (Վոլգայի ափին)՝ Ոսկե Հորդայից վերադառնալիս։ Ի պատիվ Ա. Ն–ու 1725-ին Ռուսաստանում սահմանվել է շքանշան։ Ա. Ն–ու սովետական զինվորական շքանշանը սահմանվել է 1942-ի հուլիսի 29-ին։

Գրկ. Пашуто В. Т., Героическая борьба русского народа за независимость (XIII в.), М., 1956.


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎՍԿՈՒ շքանշան, տես Շքանշաններ ՍՍՀՄ։


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՊԵԳԱ (ծն. թ. անհտ.–1578), Հյուսիսային Ռումինիայի (Մոլդովա) իշխան, ծագումով հայ։ Առաջնորդելով ուկրաինական կազակներին և մոլդովական գյուղացիությանը՝ Ա. Ս. 1578-ի փետր. 9-ին անցավ Դնեստր գետը և մտավ Մոլդովայի մայրաքաղաք Յասսի, արտաքսելով թուրքամոլ Պետրու Կաղ իշխանին։ Ա. Ս–ի ավագ եղբայրը՝ Մոլդովայի իշխա–

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ