Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԻԱՆՔ, Ալիանցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Սասունում։ 1909-ին ուներ 65 տուն՝ 539 հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ ու երկրագործությամբ։ Ա–ի բնակչության մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։


ԱԼԻ–ԱՐՄԱՆԻ (Ալի–իբն–Յահյաալ–Արմանի կամ Ալի որդի Հովհաննեսի, ծն. թ. անետ. – 863), հայազգի մահմեդականացած արաբական իշխան։ Նփրկերտի կուսակալ։ Ապստամբել է խալիֆայության դեմ ու գերի ընկել։ Մամուն խալիֆան Ա–ին ուղարկեց Եգիպտոս, ուր նա հետագայում երկու անգամ կառավարիչ դարձավ։ Եղել է նան Տարսոնի կառավարիչ, վերաշինել է Սիս քաղաքը։ Մելիտինեի կառավարիչ Օմարի հետ դաշնակցած օգնել է պավլիկյանների ղեկավար Կարբեասին՝ ընդդեմ Բյուզանդիայի։ 862-ին նշանակվել է Արմինիայի ոստիկան և խալիֆայի անունից Աշոտ Ա–ին իշխանաց իշխանի տիտղոս շնորհել։ Կարգավորել է խալիֆայի և գերությունից ազատված ու քրիստոնեության դարձած հայ նախարարների հարաբերությունները։ Սպանվել է Բյուզանդիայի դեմ մղված պատերազմում։ Ա. Տեր–Ղևոնդյան


ԱԼԻ–ԲԱՅՐԱՄԼԻ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ–ում։ 33,8 հզ. բն. (1970)։ Նավակայան Կուր գետի ափին, երկաթուղային կայարան։ Նավթարդյունաբերության կենտրոն։ Ունի բամբակազտիչ գործարան, սննդարդյունաբերության ձեռնարկություններ։ Ա–ում է գտնվում ՍՍՀՄ–ում կառուցված բաց տիպի առաջին էլեկտրակայաններից մեկը։


ԱԼԻ–ԲԱՅՐԱՄԼԻԻ ՊՇԷԿ, պետական շրջանային ջերմաէլեկտրակայան Ալի–Բայրամլիում (Ադրբ. ՍՍՀ)։ Բաց տիպի առաջին էլեկտրակայաններից ՍՍՀՄ–ում։ Լիակատար հզորությամբ (1 մլն. 80 հզ. կվտ.) շարք է մտել 1968-ի օգոստոսին։ Օգտագործում է Կուր գետի ջուրը։


ԱԼԻԲԵԳՅԱՆ Հովհաննես Հակոբի (Ալիբեկով Իվան Յակովլեիչ) (1886–1941), սովետական կուսակցական և պետական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1905–ից։ Պրոֆեսոր (1934)։ Ծնվել է հոկտ. 21 (նոյեմբ. 3)–ին, Քութայիս քաղաքում։ 1911-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1917-ի սեպտեմբերին ընտրվել է Մինսկի բոլշևիկյան կոմիտեի նախագահ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է Արևմտյան մարզի հեղկոմի և բոլշևիկների մարզկոմի բյուրոյի անդամ, ընդհատակյա մարզկոմի քարտուղար։ Առաջադրվել է Սահմանադիր ժողովի դեպուտատ։ Ակտիվորեն մասնակցել է Բելոռուսական ՍՍՀ ստեղծմանը, ընտրվել նրա կառավարության առաջին կազմում, որպես աշխատանքի ժողովրդական կոմիսար։ Եղել է Բելոռուսիայի կոմկուսի բյուրոյի անդամ։ 1919–27-ին պատասխանատու աշխատանք է վարել Մոսկվայում և Լենինգրադում, 1927–30-ին՝ Գերմանիայում՝ սովետական տնտեսական հանձնաժողովում։ 1935–41-ին աշխատել է Մոսկվայի փիլիսոփայության, պատմության և գրականության ինստ–ում՝ դեկան և ամբիոնի վարիչ։ 1941-ի աշնանը որպես աշխարհազորային միավորման կոմիսար մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը և զոհվել դեկտեմբերյան մարտերում։


ԱԼԻԲԻ (լատ. alibi - այլուր), տես Այլուրեքություն։


ԱԼԻԳԱՏՈՐՆԵՐ (Aligator, <իսպ. el lagarto – մողես), կոկորդիլոսների ցեղ։ Ի տարբերություն մյուսների, Ա–ի վերին ծնոտի վրա՝ ներքին ծնոտի չորրորդ ատամի դիմաց կան խոր փոսիկներ։ Հայտնի է երկու տեսակ, միսսիսիպյան Ա. (A mississippiensis), որոնք տարածված են Հյուսիսային Ամերիկայի հարավ–արևելյան մասում (երկարությունը՝ մինչև 4,6 մ, առջևի վերջավորությունների մատները միացած են լողաթաղանթով), և չինական Ա. (A. sinensis), որոնք ապրում են Յանցզի գետի ստորին հոսանքում (երկարությունը՝ մինչև 2,5 մ, մատների միջև լողաթաղանթ չունեն)։ Սնվում են ջրային միջատներով, գորտերով, ձկներով, դնում 20–60 ձու՝ թափված տերևներից ու ճյուղերից պատրաստված բներում (միսսիսիպյան Ա.) և ավազի վրա, արևի տակ (չինական Ա.)։ Ա–ի կաշին օգտագործվում է թեթև արդյունաբերության մեջ։ ԱՄՆ–ում (Կալիֆոռնիա, Արկանզաս) կան Ա. բազմացնող հատուկ ֆերմաներ։


ԱԼԻԳԵՏԻԿ, Ալիգյադուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բուլանըխի շրջանում, Մուշ քաղաքից մոտ 30 կմ հյուսիս, հացառատ հարթավայրում։ XX դ. սկզբներին ուներ 57 տուն հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և ուսումնարան։ Ա–ի բնակիչների մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մնացածները փրկվել և ապաստանել են Արևելյան Հայաստանում։


ԱԼԻԳԵՐ Մարգարիտա Իոսիֆովնա (ծն. 1915), ռուս սովետական բանաստեղծուհի։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է սեպտեմբերի 24 (հոկտ. 7)–ին, Օդեսայում։ «Ծննդյան թվական» (1938), «Քարեր ու խոտեր» (1940), «Լենինյան բլուրներ» (1953) բանաստեղծությունների ժողովածուներում, «Քո հաղթանակը» (1945) պոեմում, «Հեքիաթ ճշմարտության մասին» (1945) պիեսում արտացոլել է սովետական մարդու կյանքն ու հոգեկան աշխարհը։ Խիզախ պարտիզանուհի Զոյա Կոսմոդեմյանսկայային նվիրված «Զոյա» (1942) պոեմի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943)։


ԱԼԻԳԼՊՈՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Տարոնում։ XX դ. սկզբներին ուներ 650 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը կոտորվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱԼԻԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Սասունում։ XIX դ. վերջերին ուներ ավելի քան 200 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ ու երկրագործությամբ։ Գյուղն ուներ վարժարան և եկեղեցի։ 1894-ին թուրք հրոսակները Ա–ում այրել ու կոդոպտել են 165 տուն, իսկ 1914–18-ին հիմնովին ավերել։

Նկարում` Ս. Ալիենդե


ԱԼԻԵՆԴԵ (Allende) Սալվադոր (1908–1973), Չիլիի պետական և քաղաքական գործիչ, 1970-ից Չիլիի Հանրապետության պրեզիդենտ։ Ծնվել է հուլիսի 26-ին։ Ավարտել է Չիլիի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1932)։ 1933-ին կազմակերպել է Չիլիի սոցիալիստական կուսակցությունը։ Նույն թվականին ընտրվել է կոնգրեսի անդամ՝ ներկայացնելով առաջադիմ. կուսակցությունների բլոկը՝ ժողովրդական ճակատը։ 1939–42-ին վարել է առողջապահության մինիստրի պաշտոնը, ստեղծել բանվորների համար առաջին ապահովագրական ֆոնդը երկրում։ 1945-ին ընտրվել է սենատոր, 1948-ին Չիլիի դեսպանն էր Վենեսուելայում, 1953-ին՝ սենատի փոխ–նախագահը, 1966-ին՝ նախագահը։ Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։

Ա. առաջադրվել է հանրապետության պրեզիդենտի թեկնածու ժողովրդական ճակատի (1952) և ժողովրդական գործողության ճակատի (1958, 1964) կողմից։ 1969-ին ստեղծված ժողովրդական միասնության բլոկը, որի մեջ մտնում են կոմունիստական, սոցիալիստական և առաջադիմ. այլ կուսակցություններ, Ա–ի թեկնածությունը նորից առաջադրեց 1970-ի պրեզիդենտական ընտրությունների ժամանակ։ Սեպտ. 4-ին ստանալով քվեների հարաբերական մեծամասնություն (36,3%)՝ նա Ազգային կոնգրեսի որոշմամբ ընտրվեց Չիլիի Հանրապետության պրեզիդենտ։ Ա–ի գլխավորած ժողովրդ. կառավարությունը իրագործում էր ամեր. կապիտալին պատկանող խոշորագույն պղնձահանքերի, երկաթահանքերի, մասնավոր բանկերի, խոշոր ձեռնարկությունների ու ֆիրմաների ազգայնացման, կալվածատիրական լատիֆունդիաների բռնագրավման քաղաքականություն (կազմակերպելով գյուղ, կոոպերատիվներ ու պետ. տնտեսություններ)։ Հետևողականորեն զարգացնում էր կապերը սոցիալիստական երկրների հետ։ Ա–ի կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունն ընթանում էր երկրի հետադիմ. ուժերի կատաղի դիմադրության և ամերիկյան իմպերիալիզմի չթուլացող ճնշման պայմաններում։ Ա. պարգևատրվել է խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո–Կյուրիի անվ. մեդալով (1972)։ 1973-ին արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» 1972-ի միջազգային լենինյան մրցանակի։ 1973-ի սեպտ. 11-ին հետադի–