Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԻՔԻ ՀԱՆԳՈՒՅՑ, տես Կանգուն ալիքներ։


ԱԼԻՔԻ ՓՆՋՎԱԾՔ, տես Կանգուն ալիքներ։


ԱԼԻՔՆԵՐ, վերջավոր արագությամբ տարածվող գրգռումներ, որոնք իրենց հետ էներգիա են տանում տարածության մի կետից մյուսը, առանց նյութական մասնիկների տեղափոխության (թեև վերջինս կարող է հանդես գալ որպես կողմնակի երևույթ)։

Ըստ իրենց ֆիզիկական բնույթի, Ա. կարող են լինել՝ առաձգական, մակերևութային, էլեկտրամագնիսական, ջերմային ևն։ Առաձգական Ա. միջավայրի տատանումներն են (օրինակ՝ ձայնը), մակերևութային Ա՝. հեղուկի ազատ մակերևույթի մակարդակի գրգռումները, էլեկտրամագնիսական Ա՝. տարածվող էլեկտրամագնիսական դաշտերը, ջերմային Ա՝. մոլեկուլների տատանումները։ Սակայն առաջացման պատճառների բնույթից անկախ Ա. միշտ էլ տարածության տվյալ կետում եղած գրգռումների փոխանցումներն են հարևաև կետերին։

Ըստ գրգռման փոխանցման ուղղության, Ա. լինում են երկայնական, երբ մասնիկների տատանումները համընկնում են Ա–ի տարածման ուղղության հետ, և լայնական, երբ տատանումներն ուղղահայաց են Ա–ի տարածման ուղղությանը։ Ընդ որում, ուղղահայաց հարթության մեջ գրգռումների կողմնորոշումը կապված է բևեռացման (տես Բևեռացում ալիքների) երևույթի հետ։ Չնայած բնույթային զանազանությանը, Ա–ի տարածման ժամանակ նկատվում են մի շարք ընդհանուր օրինաչափություններ։ Օրինակ՝ էլեկտրամագնիսական և առաձգական Ա–ի տարածումը որոշ դեպքերում ենթարկվում է միևնույն հավասարմանը (տես Ալիքային հավասարում

Համասեռ միջավայրում Ա. տարածվում են ուղղագիծ։ Մի միջավայրից մյուսն անցնելիս միջավայրի բաժանման սահմանում տեղի է ունենում Ա–ի անդրադարձում և բեկում (տես Անդրադարձում և բեկում ալիքների)։ Ա. իրենց ճանապարհին խոչընդոտի հանդիպելիս կարող են ներթափանցել նրա երկրաչափական ստվերի տիրույթը՝ առաջացնելով դիֆրակցիա (տես Դիֆրակցիա ալիքների)։ Եթե միջավայրում անհամասեռությունները դասավորվում են պատահականորեն, ապա նկատվում է Ա–ի ցրում։

Գրգռման բաշխման ձևն Ա–ում կարող է լինել կամայական։ Հայտնի է բաշխման մի մասնակի ձև, որն ունի տեսական և գործնական լայն կիրառություն։ Բաշխման այդ ձևն ունեցող ալիքների աղբյուրը ներդաշնակ տատանումներն են, այսինքն այդպիսի ալիքային պրոցեսն արտահայտվում է հավասարումով։ Այստեղ ամպլիտուդն է, ՝ տատանման պարբերությունը, ՝ ընթացիկ կոորդինատը, ՝ շեղման չափը տվյալ կետում, իսկ ՝ փուլային արագությունը։ Այս դեպքում , որտեղ ալիքի երկարությունն է։ Ա–ի տարածման արագությունն ունի որոշակի իմաստ միայն այն դեպքում, երբ տեղափոխության հետ Ա–ի ձևը չի աղավաղվում։

Ներդաշնակ Ա–ի համար փուլային արագության գաղափարը մնում է ուժի մեջ, միայն վերջինս դառնում է ալիքի երկարությունից կախված՝ ։ Այս երևույթը կոչվում է Ա–ի դիսպերսիա։ Օգտվելով վերադրման սկզբունքից՝ ցանկացած ալիք կարելի է ներկայացնել որպես ներդաշնակ Ա–ի գումար և այդպես ուսումնասիրել նրա տարածման օրինաչափությունները։ Դիսպերսիայի առկայության դեպքում, քանի դեռ ալիքի ձևն էապես չի փոխվել, նրա շարժման հետ կարելի է կապել փուլային արագությունից տարբերվող որոշակի խմբային արագություն։ Ներդաշնակ Ա. (եթե նրանք ունեն նույն հաճախականությունը և փուլերի միջև եղած տարբերությունը կախված չէ ժամանակից) գումարվելով առաջացնում են ինտերֆերենցիա (տես Ինտերֆերենցիա ալիքների

Ոչ գծային միջավայրում ներդաշնակ Ա–ի ձևը նույնպես ենթարկվում է զգալի փոփոխության, որի պատճառով վերադրման սկզբունքը չի գործում։ Եթե Ա–ի ստեղծած գրգռման չափը բավականին մեծ է, ապա ոչ գծային միջավայրում կարող են առաջանալ հարվածող Ա.։

Առաձգական երկայնական Ա–ի համար էներգիայի հոսքի խտությունը որոշվում է բանաձևով, որտեղ -ն էներգիայի հոսքի խտության վեկտորն է, -ն՝ միջավայրի մասնիկների շարժման արագությունը, իսկ -ն՝ փոփոխական ճնշումը։

Ա–ի էներգիայի հոսքի խտությունը որոշվում է Պոյնտինգի վեկտորով։ Ա–ի տարածման խնդիրների մոտավոր լուծման համար կարելի է օգտվել Հյուգենս–Ֆրենելի սկզբունքից։

Գրկ. Горелик Г. С., Колебания и волны, 2 изд., М., 1959. Է. Մելիքյան


ԱԼԻՔՅԱՆ Աբրահամ Սարգսի (ծն. 1928), հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ Ծնվել է մայիսի 21-ին, Ալեքսանդրետ քաղաքում։ Ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, ապա Նշան Փալանճյան ճեմարանը (1946)։ 1947-ին ներգաղթել է Սովետական Հայաստան, 1954-ին ավարտել Գորկու անվ. գրականության ինստ–ը Մոսկվայում, նույն թվականից դարձել այդ ինստ–ի դասախոս։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հորիզոն», լույս է տեսել 1947-ին, Բեյրութում։ Հրատարակվել են նաև «Կանաչ սոսափ» (1959), «Աչքեր» (1968) բանաստեղծությունների ժողովածուները։ 1958-ին Մոսկվայում ռուսերեն տպագրվել է նրա «Վերադարձված երգ» գիրքը։ Թարգմանել է Շառլ Ազնավուրի «Սեր սրտի չափով» (1968) և Գ. Ապոլիների «Բլուրներ» (1970) ժողովածուները։


ԱԼԻՔՍԱՆՅԱՆ Ավետիս Ավետիսի (ծն. 1910), հայ գրող, խմբագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է մայիսի 10-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Բնակվում է Փարիզում։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, նկարագրել սփյուռքահայության կյանքը, աշխատավորության պայքարը՝ ազատության և դեմոկրատիայի համար («Անունը Մասիս դրինք», 1964, «Երջանկություն», 1966)։ Խմբագրել է ամսագրեր ու թերթեր Կ. Պոլսում («Ամսվան գիրքը», 1930, «Պատկեր», 1932–40, «Այսօր», 1947–48 ևն), Փարիզում («Լույս Փարիզի», 1957, «Լուսաղբյուր», 1958)։ 1960-ից Փարիզի «Աշխարհ» թերթի խմբագիրն է։ Ա. Ֆրանսիայի կոմկուսի անդամ է։


ԱԼԻՖԱՏԻԿ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (<հուն․ άλειφαρ – ճարպ), նույնն են, ինչ ացիկլիկ միացությունները։


ԱԼԼԱՀ, աստծո անվանումը մահմեդական կրոնում։ Ծագել է արաբ, «իլահ» (աստվածություն) բառից՝ «ալ» որոշիչ հոդի հավելումով (արամեացիների մոտ՝ «ալահին»)։ Ա. հյուսիսային արաբները գերագույն աստվածություն էին համարում դեռևս մինչև մահմեդականությունը, իսկ վաղ մահմեդականության մեջ նա դարձավ եզակի աստված և արարիչ։


ԱԼԼԱՀԱԲԱԴ, քաղաք Հնդկաստանում, տես Իլահաբադ։


ԱԼԼՈԴ (զերմ. Allod, հին վերին-գերմ. al – լրիվ, ամբողջ + od – տիրույթ), ֆեոդալական պարտույթից ազատ հողային սեփականություն վաղ միջնադարյան Եվրոպայում։ Նրա մնացուկները պահպանվել էին զարգացած ֆեոդալիզմի շրջանում։ Ա. գերմանական ցեղերի մոտ փոխարինել է սեփականության համայնական ձևին, տարածվել Արևմտյան Հռոմեական կայսրությունում առաջացած «բարբարոսական» պետություններում։ Սկզբում Ա. ժառանգման սահմանափակ իրավունքով շարժական ու անշարժ ունեցվածք էր, հետագայում՝ հողային սեփականություն, որ ազատ էր ֆեոդալական պարտույթից։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացման ընթացքում մանր ալլոդատերերի հողաբաժիններն անցան ֆեոդալական խոշոր տնտեսություններին։ Միաժամանակ խոշոր և միջակ հողատերերի Ա–ներն աստիճանաբար տեղի տվեցին պայմանական ֆեոդալական սեփականությանը՝ բենեֆիցիումին, ապա՝ ֆեոդին։ Սակայն ալլոդային սեփականությունն ինչ–որ չափով պահպանվեց Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում