Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԴԸՂԵԱԿԱՆ 71

միացումը ԱՄՖ֊ին ուղեկցվում է էներգիայի կուտակմամբ (ԱԿՖ, ԱԵՖ էներգիայով հարուստ միացություններ են), իսկ նրանց ճեղքումը՝ էներգիայի անջատմամբ։ Բջիջներում տեղի է ունենում ԱՄՖ֊ի, ԱԿՖ֊ի և ԱԵՖ֊ի փոխադարձ փոխարկում։

Ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ, ադենիլային թթու), սպիտակ, ասեղնաձև բյուրեղներ են։ Մոլ․ կշ. 347,23։ Նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն է և մտնում է բազմաթիվ ֆերմենտների ակտիվ խմբի կազմության մեջ։

Ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ), ունի ֆոսֆորաթթվի 2 մնացորդ։ Մոլ. կշ. 427,22։ ԱԿՖ գտնվում է կենդանի օրգանիզմների բոլոր հյուսվածքներում։

Ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ), մոլ. կշ.507,21։ Ադենոզինեռֆոսֆատազ ֆերմենտների ազդեցությամբ ԱԵՖ հեշտությամբ կորցնում է մեկ ֆոսֆատային խումբ, վերածվում ԱԿՖ֊ի։ Անջատվում է էներգիա, որն օգտագործվում է օրգանիզմի հյուսվածքներում որոշ միացությունների ակտիվացման և սինթեզման պրոցեսների ապահովման (օրինակ՝ մկանային կծկման) համար։ ԱԵՖ մասնակցում է ֆոսֆորիլացման պրոցեսներին՝ առաջացնելով նյութափոխանակության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ ֆոսֆորաթթվային մակրոէներգիկ (մեծ էներգիայով) և միջանկյալ միացությունների ԱԵՖ սինթեզվում է ԱԿՖ֊ից և ֆոսֆորական թթվից միտոքոնդրիաներում ու քլորոպլաստներում և ապահովում էներգիայի անհրաժեշտ քանակը բջջում։ Հ. Բունիաթյան

ԱԴԵՆՈՄԱ (հուն. άδήν – գեղձ + … ωμα – ուռուցք), գեղձային ուռուցք։ Առաջանում է կրծքագեղձերում, վահանաձև գեղձում, լյարդում, երիկամներում, մակերիկամներում, շագանակագեղձում և այլ գեղձերում՝ պահպանելով տվյալ հյուսվածքի կառուցվածքը։ Ա. բարորակ ուռուցք է, սակայն կարող է վերափոխվել չարորակի։


ԱԴԸՂԵԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, Ադըղեա, ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի կազմում։ Կազմակերպվել է 1922-ի հուլիսի 27-ին։ Տարած. 7,8 հզ. կմ² է, բն. 397 հզ. մարդ (1972)։ Բաժանվում է 6 շրջանի։ Կենտրոնն է Մայկոպը։

Բնությունը։ Ա. գտնվում է Կովկասի հս֊արմ. մասում, Կուբան և Լաբա գետերի ձախափնյակում։ Հս. մասում Մերձկուբանյան թեք հարթավայրն է, հվ֊ում՝ Մեծ Կովկասի նախալեռներն ու լեռները (մինչև 3238 մ, Չուգուշ լեռ)։ Կլիման չափավոր տաք է և խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը Մայկոպում -1,6°C, հուլիսին՝ 22,2°C։ Տարեկան տեղումները՝ 700 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 180։ Գետերը՝ Լաբա, Բելայա, Փսեկուփս, Փշիշ, Աֆիփս ևն, պատկանում են Կուբանի ավազանին։ Կուբանի վրա են Թշչիկի և Շափսուղի ջրամբարները։ Գերակշռում են սևահողերը։ Նախալեռները ծածկված են անտառներով (կաղնի, հաճարենի, բոխի ևն)։

Բնակչությունը։ Ա֊ի բնիկները ադըղեներն են (1970-ին՝ շուրջ 24%)։ Բնակչության 70% ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ² վրա՝ 52,2 մարդ։ Քաղաքային բնակչությունը՝ 41% (1972)։

Պատմական ակնարկ։ Ադըղիները հայտնի են հնուց՝ Կովկասյան լեռնաշղթային հարող Մերձսևծովյան շրջաններում։ Զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։ VI–X դդ. ընկել են Բյուզանդիայի ազդեցության տակ։ VI դ. ադըղեների մոտ տարածվել է քրիստոնեությունը։ XIII դ., համառ դիմադրությունից հետո, ադըղեները ենթարկվեցին Ոսկե Հորդային։ XVI դ. սկսած, ավելի քան երկու հարյուր տարի, ադըղեների դեմ զավթողական պատերազմներ են մղել թուրք սուլթաններն ու նրանց վասալ Ղրիմի խաները և մահմեդականացրել ժողովրդին։

Ա֊ի ներկայիս տերիտորիան Ռուսաստանին է միացվել 1830–64-ին (տես Կովկասյան պատերազմներ)։ Ռուսաստանին միանալու շնորհիվ ադըղեական ժողովուրդը, չնայած ցարիզմի գաղութակալական դաժան քաղաքականությանը, հնարավորություն ստացավ հաղորդակից լինելու ռուս․ առաջադիմական մշակույթին, ռուս հեղափոխական և առաջադեմ գործիչներին, Ռուսաստանում զարգացող հեղափոխական և բանվորական շարժմանը։ Մինչհեղափոխական շրջանում ադըղեների տերիտորիան մտնում էր Կուբանի մարզի մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխությանը ադըղեական ժողովրդին ազատագրեց ցարական գաղութարարներից և տեղական հարստահարիչներից։ 1918-ի հունվարին Մայկոպում հռչակվեց սովետական իշխանություն, իսկ մայիսին ստեղծվեց Կուբան֊Սևծովյան Սովետական Հանրապետությունը, որի կազմի մեջ մտավ Ա.։ Չնայած 1918-ի աշնանը Կուբանն ու Ա. սպիտակգվարդիականների ձեռքն ընկան, բայց 1920-ի մարտին այստեղ վերականգնվեց սովետական իշխանությունը։ 1920-ի դեկտ, 11-ին Կուբան֊Սևծովյան հեղկոմը որոշեց ադըղեական շրջաններն առանձնացնել որպես վարչական ինքնուրույն միավոր։ Համառուսաստանյան ԿԳԿ֊ի 1922-ի հուլիսի 27-ի դեկրետով կազմվեց ինքնավար մարզ, որի մեջ մտան Փսեկուփսի, Շիրվանի և Ֆարզի օկրուգները։ Սկզբում այն անվանվեց Չերքեզական (Ադըղեական) ԻՄ, 1922-ի օգոստոսի 24-ին վերանվանվեց Ադըղեական (Չերքեզական), իսկ 1928-ի հուլիսին՝ Ադըղեական ԻՄ։ 1936-ին Ա֊ին միացվեցին Մայկոպը և Գիագայի շրջանը, միաժամանակ մարզի կենտրոնը Կրասնոդարից տեղափոխվեց Մայկոպ։ Երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականության կենսագործման շնորհիվ Ա֊ում մեծ փոփոխություններ են կատարվել։ Ստեղծվել է արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն։ Զարգանում է ազգային մշակույթը։