Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեռևս 5000-5500 տարի առաջ շումերները երկրաչափական խնդիրների ժողովածուներ են կազմել։ Բարձր աստիճանի դպրոցներում ուսումնասիրել են փիլիսոփաների և քերթողների ստեղծագործությունները, ներառյալ տեղեկություններ բնության օրենքների, երկնային լուսատուների, հանքերի, բույսերի, կենդանիների ևն մասին։ Պլատոնը ազնվական երիտասարդության համար իր առաջադրած եռաստիճան կրթության համակարգի բարձր աստիճանը՝ երրորդը, հատկացրել է նրանց, ովքեր հակում ունեն դեպի վերացական մտածողությունը, դեպի առարկայի ուսումնասիրումը ոչ թե նրա կիրառական նշանակությամբ, այլ փիլիսոփայական–տեսական առումով։ Ավարտելով այդ աստիճանը (30 տարեկանում)՝ փիլիսոփայության մեջ բացառիկ օժտված սաները շարունակում էին կրթությունը մինչև 35 տարեկանը և պատրաստվում դառնալու պետության ղեկավար գործիչ։ Արիստոտելը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու զարգացումը ըստ նրա բնական ընդունակությունների իրագործվում է դաստիարակության (ֆիզիկական, բարոյական և մտավոր՝ միասնաբար) երեք աստիճանով, որոնցից վերջինը բարձր մակարդակի դպրոցն է։ Հելլենիզմի դարաշրջանում Ալեքսանդրիայում ստեղծվեցին բարձր տիպի դպրոցներ, որտեղ գիտությունների տարբերակմամբ փիլիսոփայությունը, բանասիրությունը, մաթեմատիկան ուսում նասիրվում էին առանձին–առանձին։ Կրթության բաժանումը աստիճանների պահպանվել է մինչև մեր օրերը։ Գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմամբ փոփոխվել են նրանց անվանումները, հանդես են եկել միջանկյալ աստիճաններ, յուրաքանչյուր աստիճանում ընդլայնվել է կրթության բովանդակությունը և աննդմեջ բարձրացել գիտական մակարդակը։ Սակայն ժամանակակից իմաստով Բ․ կ–յան մասին պատկերացումն սկսել է ձևավորվել միայն միջնադարում։ XI-XII դդ․ երևան եկան աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը օրգանապես միահյուսվում էին միասնական ուսումնական պրոցեսում, որի հիմքում դրվում էին ոչ միայն տեսական հետազոտությունները, այլև զննումը, գիտափորձը (առաջին բժշկական աշխարհիկ դպրոցը Իտալիայում՝ Սալերնո, XI դ․)։ XII-XIII դդ․ Եվրոպայի տարբեր երկրներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա) առաջացան համալսարաններ։ Միջնադարյան համալսարաններն ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուր ուսման տևողությունը 5-6 տարի էր։

ՍՍՀՄ տարածքում ժամանակին մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում V-VII, IX-XIII դդ․ գիտական ու կրթական կենտրոնները, վրացական կոլխիդական հռետորական դպրոցը (V դ․), ինչպես նաև XI-XII դդ․ ստեղծված ակադեմիաները (Թելատի, Իկալտոյի)։ 1632-ին բացվեց ռուս–ուկրաինական առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Կիև–Մոգիլյովյան ակադեմիան։ 1687-ին Մոսկվայում կազմակերպվեց Սլավոնա–հունա–լատինական ակադեմիան։

Միջնադարյան Բ․ կ․ ենթարկված էր սխոլաստիկային և նպատակ ուներ հիմնավորել աստվածաբանական դոգմաները ու պրոպագանդել կրոնը։ Բ․ կ․ եկեղեցու ազդեցությունից ազատագրելուն նպաստեցին Վերածննդի դարաշրջանի գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, մեխանիկայի, աստղագիտության բնագավառներում (Լեոնարդո դա Վինչի, Ն․ Կոպեռնիկոս, Յո․ Կեպլեր, Գ․ Գալիլեյ, Ռ․ Դեկարտ, Ի․ Նյուտոն, Գ․ Լայբնից)։ Մեծ հումանիստներ Վիտորինո դա Ֆելտրեն, Էրազմ Ռոտերդամցին, Ֆ․ Ռաբլեն, Մ․ Մոնտեն և ուրիշներ հանդես եկան ընդդեմ կաթոլիկ հոգևորականության՝ դաստիարակության և ուսուցման մենաշնորհի, ընդդեմ սխոլաստիկ կրթության, մշակեցին ուսուցման նոր մեթոդներ՝ հիմնված ինքնուրույն մտածողության, հիշողության, ունակությունների զարգացման, բնության օրենքների ուսումնասիրման սկզբունքների վրա։ Միաժամանակ շարունակվում էր գիտությունների տարբերակումը։ Գիտության զարգացման, գիտելիքների տարածման համար մեծ նշանակություն ունեցավ տպագրության գյո տը (XV դ․)։ Համալսարաններում սկսեց կատարելագործվել մանկավարժական պրոցեսը, ընդհանրացվել և ներդրվել գիտական փորձը։ XVII դ․ ձևավորվեցին գիտական լաբորատորիաներ, հռչակվեց գիտական հետազոտությունների և դասավանդման ազատության սկզբունքը՝ առաջավոր գիտնականներին հնարավորություն տալով հեռանալ սխոլաստիկայից, կազմակերպվեցին առաջին պետական ակադեմիաները (Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում), լույս ընծայվեցին գիտական հանդեսներ։ 1725-ին Պետերբուրգում հիմնադրվեց գիտությունների ակադեմիա և նրան կից՝ Ակադեմիական համալսարան ու գիմնազիա։

Երևանի պետական համալսարան․ վիետնամցի ուսանողները ռուսաց լեզվի ժամին

Միջնադարյան Հայաստանում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են նաև վարդապետարան, ուսումնարան, վարժարան, ճեմարան, համալսարան։ Դրանք մեծ մասամբ կենտրոնացած էին խոշոր վանքերում, ունեին հոգևոր, մասամբ նաև՝ աշխարհիկ բնույթ։ Եկեղեցական գործիչներից բացի պատրաստում էին մանկավարժներ, գիտության, գրականության, արվեստի բնագավառի մասնագետներ՝ մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերականներ, մաթեմատիկոսներ, տոմարագետներ, գրիչներ, ծաղկողներ։ Բարձր տիպի դպրոցները մասնագիտացված էին․ Վաղարշապատի դպրոցում (V դ․) գերակշիռ տեղ են գրավել մանկավարժությունը, թարգմանությունը, աստվածաբանությունը, Սյունյաց դպրոցում (V-IX դդ․)՝ բնական և մաթեմատիկական գիտությունները, Հաղպատի դպրոցում (X-XV դդ․)՝ գրչությունն ու մանրանկարչությունը, Տաթևի համալսարանում (IX-XV դդ․)՝ բնական ու համարողական գիտությունները, գրչությունն ու մանրանկարչությունը, Սանահինի համալսարանում (X-XIII դդ․)՝ գրչությունը, Անիի դպրոցում (XI-XIII դդ․)՝ լեզուն, իմաստասիրությունն ու ճշգրիտ գիտությունները, Գլաձորի համալսարանում (XIII-XIV դդ․)՝ իմաստասիրությունը, ճշգրիտ գիտությունները, արվեստը, Մեծոփա վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը, Ավագ վանքի դպրոցում (XV դ․)՝ գրչությունը։ Դասավանդել են անվանի գիտնականներ ու մանկավարժներ՝ Մաթուսաղան, Ստեփանոս Սյունեցին (Սյունյաց դպրոց), Հովհաննես Սարկավագը (Հաղպատ, Անի), Հովհաննես գիտնականը, Անանիա Սանահնեցին, Գրիգոր Մագիստրոսը, Գրիգոր Տուտեորդին (Սանահին), Ներսես Մշեցին, Եսայի Նշեցին, Դավիթը, Տիրատուրը (Գլաձոր), Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին (Տաթև), Մովսես Երզնկացին, Կիրակոս Երզնկացին, Հակոբ Ղրիմեցին, Հովհաննես Համշենցին (Ավագ վանք) ևն, որոնք դպրոց մտցրեցին աշխարհիկ գիտությունները։ Բարձր տիպի դպրոցներում դասավանդվում էին՝ իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ, Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի և անտիկ աշխարհի այլ հեղինակների ուսմունքները, ուսումնասիրում էին հայ գիտնականների, հատկապես փիլիսոփաներ՝ Դավիթ Անհաղթի և Եզնիկ Կողբացու գրքերը։ Իմաստասիրական, բնական ու մաթեմատիկական գիտությունների տարածման, դպրոցներում այդ գիտությունների ուսուցման, նոր մեթոդների կիրառման ու զարգացման գործում բացառիկ դեր են խաղացել՝ Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը, Հովհաննես Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Միջնադարյան հայկական բարձր տիպի դպրոցները ունեին մատենադարաններ, գրատներ, գիշերօթիկ հարմարություններ։ Գլաձորի, Տաթևի համալսարանների, Մեծոփա վանքի դպրոցի շրջանավարտները հանդես էին գալիս գրավոր շարադրություններով, ատենախոսություններով, հրապարակային պաշտպանությամբ ստանում էին զանազան կոչումներ (տես Գիտական կոչում)։ XVI-XIX դդ․ բարձր տիպի դպրոցներ են գործել՝ Բաղեշում, Լիմում, Մեծ Անապատում, Կաբինում, Արմաշում, Սյունիքում, Երևանում, Վաղարշապատում և այլ վայրերում։ XIX դ․ պարսկական լծից ազատագրվելուց և