Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Պ. Կարպինսկի Վ. Ա. Կարպինսկի
կազմակերպմանը (1882), աշխատել որպես ավագ երկրաբան, դիրեկտոր (1885 – 1903) և պատվավոր դիրեկտոր (1903–29): 1917-ին Կ. ընտրվել է Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտ և մեծ դեր խաղացել ԳԱ վերակառուցման ու երկրի արտադրողական ուժերի ուսումնասիրության հարցում: Կազմել է Ուրալի և ՍՍՀՄ Եվրոպական մասի երկրաբանական քարտեզները: 1900-ին, Փարիզում, 8-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսում հանդես է եկել ապարների դասակարգման և անվանակոչման սկզբունքների մասին զեկուցումով: 1899–36-ին եղել է Համամիութենական միներալոգիական ընկերության պրեզիդենտ: ՍՍՀՄ ԳԱ 1946-ին սահմանել է Կ–ու անվ. մրցանակ և ոսկե մեդալ երկրաբանության բնագավառի ակնառու աշխատությունների համար: Կ–ու անվամբ են կոչվում քաղաք Սվերդլովսկի մարզում, Պարամուշիր կղզու (Կուրիլյան կղզիներ) հրաբուխը, ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի երկրաբանական թանգարանը: Թաղվել է Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ:

Երկ. Co6p. coh., T. 1–4, 1939–49.


ԿԱՐՊԻՆՍԿԻ Վյաչեսլավ Ալեքսեևիչ (16.1.1880, Պենզա –20.3.1965, Մոսկվա), Ռուսաստանում հեղափոխական շարժման գործիչ, հրապարակախոս, տնտեսագիտական գիտությունների դ–ր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1962): ՍՄԿԿ անդամ 1898-ից: Խարկովում «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» (1902-ի վերջին) հիմնադիրներից: 1904-ին տարագրվել է: Ժնևում, Վ. Ի. Լենինի ղեկավարությամբ, աշխատել է «Վպերյոդ» («Bперед») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերում, աշխատակցել «Պրավդա»-ին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել Է Համառուսաստանյան ԿԳԿ ագիտ–հրահանգչական բաժնի վարիչ, 1918–27-ին՝ «Պրավդա» թերթի, այլ թերթերի և ամսագրերի խմբկոլների անդամ, «Բեդնոտա» («Беднота») թերթի խմբագիր: 1937-ից անցել է գիտական և պրոպագանդիստական աշխատանքի: Վ. ի. Լենինի, ՍՄԿԿ պատմության և սովետական պետության մասին գրքերի հեղինակ է, պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով:


ԿԱՐՍ (հնում՝ Ախուրյան), գետ Հայկական լեռնաշխարհում, Ախուրյանի աջ վտակը: Երկարությունը մոտ 167 կմ է, ավազանը՝ մոտ 5000 կմ2: Ակիզբ է առնում Մեծրաց (Չախիրբաբա) և Կարմիր Փորակ (Ալլահյուեկբեր) լեռներից: Հոսում է դեպի արլ., ապա՝ Կարսի սարահարթով հս–արլ., ընդունում բազմաթիվ վտակներ, ուղղվում դեպի հվ–արլ. և միախառնվում Ախուրյանին: Սնումը խառն է, հորդացումը՝ մայիս–հունիսին:


ԿԱՐՍ, Կարուց քաղաք (թուրք. հնչմամբ` Ղարս), - քաղաք Արևմտյան Հայաստանում: Ախուրյանի վտակ Կարս գետի աջ ափին, համանուն վիլայեթի կենտրոնը: 54 հզ. բն. (1970): Սովետա–թուրքական սահմանամերձ քաղաք է, երկաթուղային կայարան, օդանավակայան: Կաթնաանասնապահության և ոչխարաբուծության կենտրոն է: Ունի կաթի, յուղի, պանրի գործարաններ, գորգերի ու կոշտ գործվածքների ձեռնարկություններ:
«Կարուց բերդ», «Ամուրն Կարուց», «Ամրոցն Կարուց» և նման այլ անվանումներով Կ. հիշատակում են հայ և օտար մատենագիրները (Ստեփանոս Տարոնեցի, Թովմա Արծրունի, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի, Կոստանդին Ծիրանածին ևն): Հնում Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդերից էր: Թեև Կ–ի բերդը հիմնադրվել է ավելի վաղ, բայց հայկ. աղբյուրները Կ. առաջին անգամ հիշատակում են միայն IX դ. անցքերի կապակցությամբ, երբ արդեն ուներ ռազմ. և տնտ. կարևոր նշանակություն: Կ–ում կային արքունի գանձատներ ու մթերանոցներ: Երբ 888-ին Վանանդի իշխան Սահակ Մլեհն ապստամբեց հայոց թագավոր Աշոտ Ա Բագրատունու դեմ, դա առիթ դարձավ, որ Վանանդն իր Կ. բերդով միացվի արքունի կալվածներին: X դ. առաջին քառորդին Կ. արդեն հայտնի քաղաք էր: 929-ին Աբաս թագավորը Կ. դարձրեց թագավորանիստ, ամրացրեց միջնաբերդը և 930-40-ին կառուցեց Ս. Առաքելոց եկեղեցին (տես Կարսի Առաքելոց եկեղեցի): 961-ին Աշոտ Գ Ողորմածը արքունիքը Կ–ից տեղափոխեց Անի: 963-ին նրա եղբայր, հայոց սպարապետ Մուշեղը իրեն հռչակեց Վանանդի թագավոր՝ Կ. դարձնելով կենտրոն (տես Կարսի թագավորություն): Մուշեղի հաջորդի և որդու` Աբասի (984-1029) օրոք Կ. բարեկարգվեց և տնտեսապես հզորացավ: 1054-ին սելջուկ–թուրքերը, Տուղրիլ բեկի գլխավորությամբ, հարձակվեցին Կ–ի վրա, սակայն Գագիկ Աբասյանի զորքերը հակահարված տվեցին սելջուկներին և դուրս քշեցին երկրամասից: 1064-ին սելջուկները Ալփ–Արսլանի հրամանատարությամբ նորից արշավեցին Հայաստան: Գագիկ Աբասյանը երկրամասն ասպատակություններից և կողոպուտից փրկելու նպատակով ճաշկերույթ կազմակերպեց Ալփ–Արսլանի և նրա զորքերի համար ու դաշինք կնքելով՝ պահպանեց իր գահն ու թագը: Սակայն, վախենալով հետագա հարձակումներից, 1065-ին Վանանդը` Կ–ով հանդերձ, զիջեց բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասին` փոխարենը կալվածք ստանալով Կապադովկիայում: Մանազկերտի ճակատամարտում (1071) բյուզանդական զորքերի պարտությունից հետո Կ. անցավ սելջուկներին` դառնալով ամիրայության կենտրոն: 1206-ին հայ–վրացական միացյալ զորքերը, Զաքարե և Իվանե Զաքարյանների հրամանատարությամբ, Կ. ազատագրեցին սելջուկներից և միացրին վրաց թագավորությանը: Կ–ում նշանակվեց կառավարիչ: Գործում էր նաև քաղաքային վարչություն: 1236-ին Կ. նվաճեցին մոնղոլները: 1284-ից Կ. անցավ Սադուն Արծրունուն:
Կ. արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր: Այն առևտրաուղիներով կապված էր Անիի, Դվինի, Արծնի, Կարինի, Արտանուջի, Տփղիսի, Տրապիզոնի և այլ քաղաքների հետ` նշանակալից դեր խաղալով տարանցիկ առևտրում: Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Կ–ի հարստությունը` ամբարված «ծովից ու ցամաքից»: Աբաս թագավորը հոգ տարավ կարավանային ճանապարհների անվտանգության համար: Տարբեր երկրներից Կ. էին այցելում առևտրական կարավաններ: Արաբ աշխարհագիր Յակուտը նշում է, որ Կ–ից արտահանվել է մետաքս: Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին Կ. անվանում է «հոյակապ քաղաք»` բնակիչների թվում հիշատակելով հմուտ արհեստավորներին ու վաճառականներին: XI դ. Կ–ում գործել է բարձրագույն դպրոց`
Կարս. գլխավոր հատակագիծը (XIX դ.).
1. միջնաբերդ, 2. պալատ, 3. «շահաստան», 4. պարիսպներ, 5. դարպաս, 6.հարավային դարպաս, 7. արևելյան դարպաս, 8. «Անիի դուռը», 9. խանդակ, 10. արհեստական լճակ, 11. արևմտյան (հայկական) արվարձան, 12. հարավային արվարձան, 13. արևելյան արվարձան, 14. Առաքելոց եկեղեցի, 15. գերեզմանատուն, 16. կամուրջ, 17. աղբյուր, 18. ջրաղաց