Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աուստերլիցի ճակատամարտից հետո Կուտուզովին հաջողվել է ռուսական բանակը զերծ պահել թշնամու գերազանցող ուժերի ջախջախիչ հարվածից: 1806–1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում նշանակվել է (1811 թ.-ին)

Մոլդավական բանակի գլխավոր հրամանատար: 1811 թ.-ին խոշոր հաղթանակ է տարել Ռուշչուկի մոտ, իսկ Սլոբոձիայի մոտ գերել ամբողջ թուրքական բանակը և պայմանագիր կնքել (տես Բուխարեստի հաշտության պայմանագրեր 1812 թ., 1913 թ., 1918 թ.): 1812 թ.-ի Հայրենական պատերազմում ռուսական զորքերի կողմից Սմոլենսկը թողնելուց հետո Կուտուզովը օգոստոսի 8-ին նշանակվել է գլխավոր հրամանատար: Օգոստոսի 26-ին մղել է Բորոդինոյի ճակատամարտը (տես Բորոդինոյի ճակատամարտ 1812 թ.), ռազմաստրատեգիական նկատառումներով Նապոլեոնին հանձնել Մոսկվան, ապա Տարուտինոյի մոտ ջախջախիչ հարված հասցրել Ժ. Մյուրատի կորպուսին, իսկ Բերեզինայի ափին՝ ֆրանսիական հիմնական ուժերին: 1813 թ.-ին շարունակել է ֆրանսիական բանակի մնացորդների ջախջախումը Լեհաստանի և Պրուսիայի տերիտորիաներում: Կուտուզովը պարգևատրվել է Գեորգիևյան 1-ին աստիճանի մարտական բարձրագույն շքանշանով (1812 թ.): Ստացել է կոմսի (1811 թ.), պայծառափայլ իշխանի և Սմոլենսկի իշխանի (1812) տիտղոսներ: Ժամանակակիցներն ընդգծել են Կուտուզովի բացառիկ խելքը, զորավարի և դիվանագետի փայլուն տաղանդը, հայրենիքին անսահման նվիրվածությունը: 1941–1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՍՍՀՄ–ում սահմանվել են Կ–ի 1-ին, 2-րդ (1942 թ.) և 3-րդ (1943 թ.) աստիճանի շքանշաններ:

Գրականություն՝ Բորիսով Ս., Կուտուզով, Ե., 1942: Коробков Н.М., Кутузов М. 1943.

ԿՈՒՐ (հուն. Κὐρος), Կովկասի ամենամեծ գետը: Երկարությունը 1364 կմ է, ավազանը՝ 188 հազ. կմ²: Սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհի Կող (Գեոլեհ) ճահճացած գոգավորության 2025 մ բարձրությունից: Հոսում է Վրացական ՍՍՀ–ի և Ադրբեջանական ՍՍՀ–ի տարածքով, թափվում Կասպից ծով՝ առաջացնելով ընդարձակ (100 կմ²) դելտա: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է գերազանցապես ձորերով ու կիրճերով (հայտնի է Բորժոմի անտառապատ կիրճը, մոտ 53կմ), այնուհետև՝ Քարթալինյան հարթավայրով ու Դիղոմի գոգավորությունով, Թբիլիսիից ցած՝ Բորչալուի հարթավայրով և Կարայազի ջրազուրկ տափաստանով: Մինգեչաուրի մոտ կտրում է Բոզդաղի ժայռոտ բարձունքները (որից վեր կառուցված է Մինգեչաուրի ջրամբարը), դուրս գալիս Կուր–Արաքսյան հարթավայր, հոսում դանդաղ, գալարապտույտներով, հաճախ փոխում հունը՝ թողնելով ճահճացած հնահուներ: Աջ վտակներն են Փարվանան, Ալգետը, Խրամը, Աղստևը, Ձեգամչայը, Շամխորչայը, Գյանջաչայը, Թարթառը ևն, ձախ վտակները՝ Փոցխովը, Լիախվան, Քսանը, Արազվան, Ալազանը, Տուրիանաչայը են: Գետաբերանից 236 կմ վեր ընդունում է ամենախոշոր վտակը՝ Արաքսը: Սնումը խառն է՝ ձնհալքի և ստորերկրյա ջրերի գերակշռությամբ: Տարեկան միջին ծախսը՝ 575 մ³/վրկ (գետաբերանում), հոսքը հիմնականում գարնանային է (60–70%): Տարեկան հոսքը 18,2 կմ³ է: Մինգեչաուրից ցած հոսքի ռեժիմը կանոնավորված է ջրամբարով, հորդացումները՝ մարտից մայիս (առավելագույնը): Պղտորությունը՝ 2325 գ/մ³, ծով է բերում տարեկան 21 մլն. տ գետաբերուկներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Կուրի վրա են Չիտախևի ՀԷԿ–ը, ԶԱՀԷԿ–ը, Օրթաճալա ՀԷԿ–ը, Մինգեչաուրի ՀԷԿ–ը, մի շարք ՀԷԿ–եր կառուցված են վտակների վրա: Կա ձկնորսություն: Նավարկելի է Եվլախից մինչև գետաբերան (600 կմ): Ափամերձ քաղաքներն են Բորժոմը, Գորին, Թբիլիսին, Մինգեչաուրը, Սաբիրաբադը:

Կան Կուրին նվիրված հայկական, վրացական և ադրբեջանական բազմաթիվ զրույցներ ու առասպելներ: Ըստ հայկական մի պատումի՝ հնում Կուր անունով մի գեղանի աղջիկ էր ապրում: Նա ուներ մի կախարդական կուժ, որի ջուրն անսպառ էր: Նա ման էր գալիս Անդրկովկասի դաշտերով և ջուր հասցնում երեք եղբայրներին՝ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին: Ասում են նրա փոքրիկ կուժն ավելի շատ ջուր էր տանում, քան մի մեծ ծով:

Կուրն իրենց ստեղծագործություններում գովերգել են հայ, ադրբեջանցի և վրացի գրողները:

ԿՈՒՐԱՄԿՆԵՐ (Spalacidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք: Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 20–35 սմ: Արտաքին ականջը և աչքերը ետ են զարգացած (աչքի խնձորակը ծածկված է մաշկի տակ, այստեղից՝ անվանումը): Պոչը և ոտքերը կարճ են: Մազածածկը փափուկ է, խիտ, թավշանման: Գետնափոր կյանք են վարում, սնվում են բույսերի ստորգետնյա մասերով, ձմռան համար կերի մեծ պաշար են կուտակում: Տարեկան բազմանում են 1–2 անգամ, ունենում 1–3 ձագ: Ընտանիքն ունի 2 սեռ, 8 տեսակ, որից 1 սեռ, 3 տեսակը տարածված են նաև ՍՍՀՄ–ում: ՀՍՍՀ հյուսիս–արևմտյան շրջաններում ապրում է լեռնային կուրամուկը (Spalax leucodon): Հողը փորելով կուրամկները վնասում են արմատապտուղները, սածիլները:

ԿՈՒՐԱՄԿՆԻԿՆԵՐ (Ellobius), դաշտամկների ընտանիքի կրծողների սեռ: Միջին մեծության (8–15 սմ), կլոր գլխով, փոքր աչքերով կենդանիներ են: Մազածածկը փափուկ է, մոխրագույն, թավշանման: Վերին և ստորին կտրիչները ուղղված են դեպի առաջ և հարմարվել են հողը փորելուն: Ապրում են գետնափոր բարդ բներում, որտեղից դուրս են նետում փորած հողի մեծ կույտեր: ՍՍՀՄ–ում հայտնի է 3 տեսակ, որից մեկը՝ լեռնային կուրամկնիկ կամ անդրկովկասյան կուրամկնիկ (E. lutescens), տարածված է նաև ՀՍՍՀ Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Եղեգնաձորի, Ազիզբեկովի, Ղափանի շրջաններում: Սնվում են բույսերի արմատներով, պալարներով: Վնաս են հասցնում բանջարանոցային և բոստանային կուլտուրաներին: Հ. Ավետիսյան

ԿՈՒՐԱՆՏ (Courant) Ռիխարդ (1888 թ. հունվարի 8, Լյուբլինեց, Լեհաստան – 1972 թ. հունվարի 27, Նյու Յորք), գերմանացի մաթեմատիկոս: Սովորել է Բրեսլաուի (Վրոցլավ) և Ցյուրիխի համալսարաններում: 1920–1933 թթ.-ին եղել է Գյոթինգենի, իսկ 1934 թ.-ից՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր: Հիմնական աշխատանքները վերաբերում են կոնֆորմ արտապատկերումների տեսությանը և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների եզրային խնդիրներին: Ականավոր մանկավարժ է, ունի բազմաթիվ մենագրություններ: ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է (1966 թ.):

ԿՈՒՐԱՏՈՎ Իվան Ալեքսեևիչ (1839–1875 թթ.), կոմի բանաստեղծ, լեզվաբան, կոմի գրականության հիմնադիրը: Եղել է Ուստ–Սիսոլի հոգևոր ծխական ուսումնարանի ուսուցիչ: Կենդանության օրոք տպագրել է 5 բանաստեղծություն: 1939 թ.-ին Կուրատովի 100-ամյա հոբելյանի առթիվ, հրատարակվել է բանաստեղծությունների ժողովածուն: Առաջին անգամ կոմի լեզվով թարգմանել է Ա. Պուշկինի, Ֆ. Շիլլերի, Բերանժեի և ուրիշների ստեղծագործություններից: Կազմել է կոմի լեզվի քերականությունը:

Գրականություն՝ Избранное, М., 1958.

ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՏԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, դաշտավայր արևելյան Անդրկովկասում, Ադրբեջանական ՍՍՀ–ում: Գտնվում է Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում. Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև, արևելքից ողողվում է Կասպից ծովով: Երկարությունը 250 կմ է, լայնությունը՝ 150 կմ: Ալյուվիալ–ակումուլյատիվ հարթավայր է՝ մինչև 200 մ բարձրությամբ, կենտրոնական և արևելյան մասերում ծովի մակարդակից ցածր: Ռելիեֆը բարդացած է գետաբերուկներով, բաշերով, իջվածքներով, ցեխաբուխներով: Հարուստ է նավթով: Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառով, չափավոր ցուրտ ձմեռով: Հուլիսի միջին ջերմաստիճանը 25–28 °C է, հունվարինը՝ 1,3–3,6 °C, տեղումները՝ 200–400 մմ: Գերակշռում են չոր մերձարևադարձերի կիսաանապատային լանդշաֆտները: Մոխրագույն և մոխրագորշ, հաճախ աղակալված հողերում աճում է օշինդրային և օշինդրաաղուտային բուսականություն, մուգ մոխրագորշ հողերում՝ խոտաօշինդրային, կծմախոտային ասոցիացիաներ: Արևելքում տարածված են աղուտներ և ճահիճներ, գետահովիտներում՝ ուռենի, բարդի, թեղի: Մշակում են բամբակենի, խաղող և պտղատու այգիներ, կան ձմեռային արոտավայրեր:

ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, Հայկական լեռնաշխարհում և հարևան երկրամասերում մ. թ. ա. 3-րդ հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումը: Հայտնի է նաև «Վաղ արևելաանատոլիական», «Վաղ