Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տնտեսությունը։ Վախշի հովիտը, որտեղ գտնվում է Կուրգան–Տյուբեի մարզը, դարձել է զարգացած ագրարային–ինդուստրիալ շրջան։ Արդյունաբերության մեջ մեծ է բամբակազտիչ ձեռնարկությունների (Վախշի, Կոլխոզաբադի, Շաարտուզի, Կուրգան–Տյուբեի շրջաններում և բամբակազտիչ միավորում՝ Կուրգան–Տյուբեում) դերը։ Մարզում կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ազոտական պարարտանյութերի, տրանսֆորմատորների գործարաններ, ձկնատնտեսություններ, «Գերան» սովետական տնտեսություն–գործարան, ագրոարդյունաբերական միավորում, ՀԷԿ–եր են։

Գյուղատնտեսության մեջ առավել զարգացած է բամբակենու, ցիտրուսայինների մշակումը, այգեգործությունը, բանջարաբուծությունը (ոռոգվող հողերի վրա), անասնապահությունը։ Կառուցվել են Վախշի ջրանցքը, մի շարք պոմպակայաններ և ջրամբարներ։ Բամբակենու ցանքատարածությունը 121,3 հազ․ հա է։ Հանրապետությունում մշակվող բամբակի հումքի 40,3%-ը տալիս է Կուրգան–Տյուբեի մարզը։ Կուրգան–Տյուբեի մարզը հանրապետության կիտրոնի մշակության հիմնական կենտրոնն է։ Արտադրվում են նաև կարակուլ, խորդենու յուղ, բրինձ, խաղող և այլն։ Անասնապահությունն ունի մսա–կաթնա–բրդատու ուղղություն։

Տրանսպորտը։ Հիմնականը ավտոտրանսպորտն է։ Կա նեղգիծ երկաթուղի, օդային հաղորդակցություն։ Կառուցվում է լայնուղի երկաթգիծ։

Լուսավորությունը: 1977–1978 թթ. ուսումնական տարում Կուրգան–Տյուբեյի մարզում կար 463 հանրակրթական, 2 գիշերօթիկ դպրոց, 10 պրոֆտեխնիկական ուսումնարան, գյուղատնտեսական և էներգետիկ տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ: 1978 թ.-ին մարզն ուներ 301 գրադարան, 234 ակումբ, 257 կինոկայանք, 49 հիվանդանոց, 707 բժիշկ։

Քարտեզը տես 5-րդ էջում։

ԿՈՒՐԴԻԱՆԻ Արչիլ Գրիգորի [1903 թ. մարտի 13(26), Թիֆլիս–1988 թ.], վրացի սովետական ճարտարապետ։ ՎՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.), ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1942 թ.-ից։ Սովորել է Վրացական պոլիտեխնիկական ինստիտուտում (1922–1929 թթ.), 1936–1944 թթ.-ին՝ Թբիլիսիի գլխավոր ճարտարապետ: 1959-1962 թթ.-ին՝ ՎՍՍՀ ճարտարապետների միության վարչության նախագահ։ Կուրդիանիի նախագծով կառուցվել են՝ Մոսկվայում՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ՎՍՍՀ տաղավարը (1939 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.), Թբիլիսիում՝ «Դինամո» ստադիոնը (1933–1937 թթ.), Դիդուբեի կամուրջը (1954 թ.), հեռուստակենտրոնը (1957 թ.): 1948 թ.-ից դասավանդում է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1960 թ.-ից՝ պրոֆեսոր)։

ԿՈՒՐԴՅՈՒՄՈՎ ․ Գեորգի Վյաչեսլավովիչ [1902 թ. փետրվարի 1(14), ք. Ռիլսկ (այժմ՝ Կուրսկի մարզում), 1996 թ. հուլիսի 6)], սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թ.), ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1939 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.)։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1926 թ.): 1944 թ.-ից՝ սև մետալուրգիայի ԿԳՀԻ–ին կից մետաղագիտության և

մետաղների ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտոր, 1962 թ.-ից՝ ՍՍՀՄ ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտի դիրեկտոր–կազմակերպիչ։ Ուսումնասիրել է պողպատի մխման ու մխամեղմման ժամանակ տեղի ունեցող պրոցեսները, մետաղներում և համաձուլվածքներում ֆազային փոխակերպումների, ամրացման ու դիֆուզիայի երևույթները։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1949 թ.)։ Արտասահմանյան մի շարք երկրների ԳԱ անդամ է եղել։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

ԿՈՒՐԹ (Kurth) Էռնստ (1886–1946 թթ.), շվեյցարացի երաժշտագետ։ Սովորել է Վիեննայում։ 1912 թ.-ից երաժշտագիտություն է դասավանդել Բեռնի համալսարանում (պրոֆեսոր 1920 թ.-ից)։ Յո․ Ս․ Բախի արվեստի վերլուծության հիման վրա 1917 թ.-ին գրել է «Լինեար կոնտրապունկտի հիմունքները» գիրքը (ռուսերեն թարգմանությունը 1931 թ.)՝ արժանանալով լայն ճանաչման։ Հիմնական աշխատություններից են նաև «Ռոմանտիկական հարմոնիան և նրա ճգնաժամը Վագների «Տրիստան»-ում» (1920 թ.), մենագրություն Ա․ Բրուքների մասին (հ․ 1–2, 1925 թ.), «Երաժշտության հոգեբանություն» (1931 թ.)։ Կրել է Ա․ Շոպենհաուերի փիլիսոփայության ազդեցությունը։

ԿՈՒՐԹԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 15կմ հարավ–արևելք։ Սերմնաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Կուրթանում է Չարենցավանի գործիքաշինական գործարանի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, Հնեվանք համալիրը (10–14-րդ դդ․), խաչքարեր, մատուռներ, կամուրջներ և այլ շինությունների մնացորդներ, գերեզմանոցներ։ Գյուղի հարավում կանգուն է թաղածածկ դահլիճի հորինվածքով Ս․ Աստվածածին եկեղեցին (6-րդ դ․)։ Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բեմի աբսիդով վերջավորվող ուղղանկյուն աղոթասրահին հարավ–արևելքից կից է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը (ունի աբսիդ ներսից և արտաքուստ՝ արմ․ պատում)։ Աստիճանաձև որմնախարսխի վրա բարձրացող հուշարձանը կառուցված է մաքուր տաշված բազալտից։ Արևելյան և արևմտյան ճակատները ավարտվում են ճակտոններով։ Արևմտյան պատին կա 4–5-րդ դդ․ հայկական հուշարձաններին բնորոշ զույգ–լուսամուտ։ Ինքնատիպ է ճակտոնի հորիզոնական քիվի և լուսամուտի պարակալի զուգակցումը (քիվի կամարիկներով քանդակազարդ գոտին կիսաշրջանաձև անցնում է լուսամուտի վերևով)։ Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի 4–5-րդ դդ․ ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դ․ «դասական» ձևերը։

Գրականություն՝ Հասրաթյան Մ․ Մ․, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «ԼՀԳ», 1974 թ., №3: Մ․ Հասրաթյան

ԿՈՒՐԻԱ (լատ․ curia), 1. Հին Հռոմում պատրիկյան տոհմերի միավորում՝ կուրիոնի գլխավորությամբ։ Կազմված էր 10 տոհմից։ 10 կուրիան կազմում էր վարչա–տերիտորիալ