Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և այլն: Մատենագրական հուշարձանների շարքն են դասվում նաև երկրների, քաղաքների, բույսերի, կենդանիների, թանկագին քարերի, չափ ու կշռի, պետական ու եկեղեցական գործիչների անուններ ու նրանց մասին տվյալներ պարունակող գրավոր նյութերը:
Հայտնի են համաքրիստոնեական Մ–յան բնագավառին պատկանող հետևյալ մատենագրական ժողովածուները, որոնք հայ Մ–յան մեջ թարգմանաբար թափանցել են հիմնականում հունականի միջոցով. Աստվածաշունչ (բիբլիա), սաղմոսարան (փսալտերիոն), պատարագամատույց (խորհրդատետր, լիտուրգիոն, միսսալե), ժամագիրք (հորոլոգիոն), մաշտոց (եվխոլոգիոն), ճաշոց (տոնամակ, տարեգիրք, պրոփետոլոգիոն, ապոստոլոս), հայսմավուրք (մենոլոգիոն, սինաքսարիոն), տոնացույց (տոնացուցակ, պարզատումար, հեմերոլոգիոն, կալենդարիում), ճառընտիր (տոնական, հոմիլիար, հոմիլիարում), Հարանց վարք (ակտասանկտորում), վկայաբանություն (ակտա մարտիրում), շարակնոց (շարական, էիրմոլոգիոն, ստիխերարիոն, հիմնարիում), գանձարան (կոնդակարիոն), մանրուսում (փսալտիկոն, ասմատիկոն), քարոզգիրք, կանոնագիրք, աղոթագիրք, տոնապատճառ և այլն: Բացի Աստվածաշնչից և սաղմոսարանից, մյուս ժողովածուներն ընդգրկում են նաև միջնադարյան Հայաստանում ստեղծված երկեր:
Միջնադարյան Մ–յան նմուշներից են խրատ, ներբող, օրհնություն, աղոթք, մաղթանք, կցուրդ, ողբ, կտակ, տնօրինական, տեսիլ, պարականոն պատմություններ, դավանաբանական գրագրություններ, նամակներ, վավերագրեր, «Բանք իմաստասիրաց» կոչվող հավաքածուներ և նմանատիպ այլ գրվածքներ պարունակող մատյանները:
Ձեռագիր և հնատիպ մատյաններում հանդիպում են նաև սնոտիապաշտական, գուշակողական, ախտարական գրվածքներ (աղավխո, հավախոս, բախտացույց, վիճակացույց, երազահան, լուսնացույց, ռամգիրք), հմայական գրականություն (հմայիլ, ուրբաթագիրք), հրաշագործությունների պատմություններ, առասպելներ ևն: Հայ Մ., հատկապես պատմագրությունը, հայտնի է որպես աշխարհի ամենազարգացած գրականություններից մեկը: Նրա մի շարք նմուշներ (V դ. պատմիչ Ագաթանգեղոսի, VII դ. քաղկեդոնական անանուն մի ժամանակագրի, XIII-XIV դդ. Հեթում պատմիչի երկերը) դեռես միջնադարում թարգմանվել են տարբեր լեզուներով և թափանցել այլ ժողովուրդների գրականության մեջ: Հայկ. շատ սկզբնաղբյուրներ հավասարապես ծառայում են որպես աղբյուր նաև հարևան ժողովուրդների (վրացիների, աղվանների, աբխազների, ալանների ևն) պատմության ուսումնասիրման համար: Համաշխարհային համբավ են վայելում թարգմանական Մ–յան այն երկերը (Եվսեբիոս Կեսարացի, Տիմոթեոս Կուզ, Անտիոքի Ասսիզներ ևն), որոնց հունարեն, ասորերեն և այլ հին լեզուներով գրված բնագրերը կորել են, և որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ:
Գրկ. Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց, Վնտ., 1889 Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հ. 1, Ե., 1979, էջ 9-20: Աբգարյան Գ., Մատենադարան, Ե., 1962:Գ. Աբգարյան ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ձեռագիր ու տպագիր մատյանների (գրքերի) պահպանումն ու հասարակական օգտագործումը կազմակերպող հիմնարկություն: Նույնը, ինչ՝ գրադարանը: Միջնադարյան Հայաստանի գրադարանները կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, նշխարանոց, դիվան, ջամբռ, նաև մատենադարան: Եղել են հիմնականում վանքերում, հաճախ ունեցել են հատուկ շինություններ, ասպատակություններից ապահով լինելու նպատակով տեղավորվել են նաև քարանձավներում: Մինչև տպագրությունը Մ–ներում պահվել են միայն ձեռագիր մատյաններ, ընդօրինակվել են ձեռագրեր: Միջնադարում Մ–ներ եղել են Էջմիածնում, Հաղպատում, Սանահինում, Սաղմոսավանքում, Տաթևում, Գեղարդում, Կեչառույքում, Գլաձորում, Բաղեշում, Գետիկում, Սիսում, Հռոմկլայում, Դրազարկում, Բարձրբերդում, Ակներում ևն: Ներկայումս Մ. անվանումը արևմտահայերենում շարունակում է նշանակել ընդհանրապես գրադարան: Հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի սրբոց Հակոբյանը Մ–ները: Արևելահայերենում վերջին 60 տարվա ընթացքում Մ–ի փոխարեն նույն իմաստով գործածվում է գրադարան: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանը, որը հիմնադրվել է V դ., ավանդաբար կոչվում է Մ. նաև Էջմիածնից Երևան տեղափոխվելուց հետո: Տես նաև Ձեռագրատուն, Մատենաշար:Գ. Աբգարյան, Ռ. Իշխանյան ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, հիմնադրվել է 1959-ի մարտի 3-ին, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, Պետական ձեռագրատան (Մատենադարան) հիմքի վրա: 1962-ից՝ Մեսրոպ Մաշտոցի անվան: Ունի մատենագրության և մանրանկարչության, հին մատենագրության, միջնադարյան մատենագրության և վավերագրերի, բնագիտական հուշարձանների և ձեռագրերի պահպանության, նաև արխիվային, ձեռագրերի վերականգնման ու պատճենահանման բաժիններ, հայագիտական գրադարան:
Մ–ի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից: Ըստ Ղազար Փարպեցու, Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է մի գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հուն. մատյաններ: Մինչև XV դ. Մ–ի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին փոխադրվելուց հետո (1441) ծաղկում են ապրում Էջմիածնի գրատունն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները:
Միջնադարյան Հայաստանում խոշոր վանքերին ու մենաստաններին կից ձեռագրատներն ու գրչության կենտրոնները բազմիցս ավերվել են: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, 1170-ին Բաղաբերդում սելջուկ թուրքերը ավարի են մատնել շուրջ 10.000 հայերեն ձեռագիր, իսկ Առաքել Դավրիժեցին արձանագրում է Էջմիածնի գրատան թալանը XVII դ.: Վերջին անգամ Մ. ավերվել է 1804-ին, որի վկայությունն է Ներսես Աշտարակեցու՝ կոմս Ն. Պ. Ռումյանցևին ուղղած նամակը, «…ապաբախտ եմք… զի յաւուրս մեր բազմահարուստ գրատուն Արարատեան Աթոռոյ սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի… կողոպտեալ ի յաւար մատնեցաւ…» (Սեդրակյան Ա., Հովհաննես եպս. Շահխաթունեանցի կենսագրութիւնը, 1898, էջ 121-122):
Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից (1828) հետո նոր ժամանակաշրջան է սկսվում Մ–ի ձեռագրական հավաքածուների հարստացման համար. 1828-ին հաշվվում էր 1809 միավոր ձեռագիր, իսկ 1914-ին՝ 4660: XIX դ. վերջերից Էջմիածնի ձեռագրատանը հավաքված նյութերի օգտագործումով սկսված որոշ պատմաբանասիրական աշխատանքներ ընդհատվեցին 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Մեծ եղեռնի տարիներին ոչնչացվեցին հայ մշակույթի բազմաթիվ կենտրոններ, հազարավոր ձեռագիր մատյաններ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և սովետական կարգերի հաստատումը Հայաստանում կործանումից փրկեցին հայ ժողովրդին ու նրա դարավոր մշակույթը: 1920-ի դեկտ. 17-ին, ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով, պետականացվեց նաև Էջմիածնի Մ., իսկ 1921-ի փետր. 5-ի դեկրետով Մ–ի հիմքի վրա ստեղծվեց Կուլտուր–պատմական ինստիտուտը՝ առաջին գիտ. հաստատությունը Հայաստանում: Ա. Մյասնիկյանի 1922-ի մարտի 6-ի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվում պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը: 1939-ին, Հայաստանի կառավարության որոշմամբ, Մ. Էջմիածնից տեղափոխվում է Երևան և տեղավորվում Ա. Մյասնիկյանի անվ. պետ. հանրային գրադարանի նորակառույց շենքում: 1959-ին փոխադրվում է նոր շենք:
Էջմիածնի ձեռագրատան պատասխանատուներ են եղել Ներսես Սարկավագը (1662), Իսահակ Սարկավագը (1766), Գրիգոր Վարդազարյանցը (1819), Մանվել Գյումուշխանեցին (1828-30), այնուհետև՝ Հովհաննես Շահխաթունյանցը, Մակար Հովբյանցը, Դանիել Շահնազարյանցը, Գրիգոր Մուշեղյանը, Ներսես Խուդավերդյանը, Սահակ Ամատունին, Գարեգին Հովսեփյանը, Մխիթար Վարդապետը (պաշտոնակատար), Մեսրոպ Տեր–Մովսիսյանը, Հուսիկ Մովսիսյանը, Գևորգ Չորեքչյանը:
Սովետական իշխանության տարիներին Մ–ի տնօրեններ են եղել Ս. Տեր–Հակոբյանը, Կ. Ղազարյանը, Մ. Հասրաթյանը, Հ. Մանվելյանը, Ե. Թորոսյանը, Գ. Աբովը, Վ. Նալբանդյանը: 1954-ից տնօրենն է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Լ. Խաչիկյանը:
Մ–ի, որպես գիտահետազոտական ինստ-ի, խնդիրներն են. ա. հին ձեռագրերի պահպանությունը, վերականգնումն ու