Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մի քանի տասնյակ գիտնականներ: Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ: Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիր): Հանրագիտակ և պետ. գործիչ Նասրեդդին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ: Մ. ա–ում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ: Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ: Մարաղայում բավականին մեծ ճշգրտությամբ (1") որոշվել է տարեկան պրեցեսիայի մեծությունը:Բ. Թումանյան ՄԱՐԱՂԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ել» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Խոյ–Մարաղայի բարբառախմբին: Մ. բ–ով խոսել են Մարաղա քաղաքում և նրա շրջակայքում, այժմ խոսում են Ղարաբաղի ԻՄ–ի Մարաղա և Ագուլիսի շրջանի Ազա գյուղերում: Մ. բ–ի ձայնավորներն են՝ ա, է, ի, ը, օ, ու, ա, օ, ու, հարուստ է երկբարբառներով՝ ըի, ըէ, ուի, ուէ, օու, օի: Ուժեղ ընդգծված հատկանիշներից է ձայնավորների ներդաշնակությունը (ախպուր, խազզար): Մ. բ. ենթարկվում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժին, գրաբարյան բառասկզբի ձայնեղ պայթականները վերածվում են խուլերի (բարձ> պառց, գետ>կյէտ, դուռն> տուռ, ձայն> ծէն, ջուր> ճուր): Ունի քմային գյ, կյ, քյ հնչյունները: Բաղաձայններից առաջ կ>յ, ք և նք> հյ. նույն դիրքում ձ, ծ, ց և ջ, ճ, չ կիսաշփականները համապատասխանաբար վերածվում են ս, զ և շ, ժ շփականների (ծածկել> տասկել, հեծնել> խէզնել, աչք> աշկ), հ> խ (հաց> խաց, հայր> խէր): Բացակայում է ֆ հնչյունը, դրա փոխարեն գործածվում է փ: Գոյականների հոգնակին կազմվում է հետևյալ մասնիկներով՝ իր, որ ստանում են միավանկ բառերը, նիր՝ ձայնավորով վերջացող բազմավանկ բառերը, և քյիր՝ բաղաձայնով վերջացող բազմավանկ բառերը (էծ–էծիր, կատու–կատունիր, էրազ–էրազքյիր): Մ. բ–ում ներգոյական հոլովը բացակայում է, բացառական հոլովն ստանում է էն վերջավորությունը, սեռական հոլովը հոդ չի ստանում: Բարբառը տարբերակում է իրի և անձի առումը: Ներկա ժամանակը կազմվում է անորոշ դերբայով և օժանդակ բայի խոնարհված ձևերով, անցյալ անկատարը՝ ներկայի ձևի վրա ավելացնելով էր մասնիկը՝ առանց դեմքի և թվի խտրության, վաղակատար դերբայը՝ ր մասնիկով: Պայմանական եղանակը կազմվում է ըղձականից՝ կ, իսկ հարկադրական եղանակը՝ կյպտա կամ գյարահյ եղանակիչներով:
Գրկ. Աճառյան Հ., Քննություն Մարաղայի բարբառի, Ե., 1926: Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե., 1953: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972:Մ. Աստարյան ՄԱՐԱՆԴ, քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բաքրան գավառում: Եղել է վերջինիս կենտրոնը: Ենթադրվում է, որ գավառը կոչվել է նան. Մ. անունով: Հայոց Արշակունիների անկումից (428) հետո Մ. եղել է Ատրպատականի կազմում: Այժմ՝ նույնանուն գյուղ Իրանում:
ՄԱՐԱՆԻՈՆ ( Marañón), Ամազոն գետի վերին հոսանքի անվանումը:
ՄԱՐԱՆՀԱՆ (Maranhao), նահանգ Բրազիլիայի հյուսիս–արևելքում: Տարածությունը 324,6 հզ. կմ² է, բն.՝ 3470 հզ. (1977), վարչական կենտրոնը՝ Սան Լուիս: Գրավում է Բրազիլական սարահարթի հս. լանջերը, ծածկված սավաննաներով, ափամերձ դաշտավայրերում՝ խոնավ հասարակածային անտառներով: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավոր ճյուղը՝ հողագործությունը: Պլանտացիաներում աճեցնում են երկարաթել բամբակ, շաքարեղեգ, ինչպես նաև կակաո և սուրճ, գետահովիտներում՝ արմավենի: Սավաննաներում զբաղվում են անասնապահությամբ: Կա բամբակեղենի, շաքարի արդյունաբերություն: Նավահանգիստներն են Սան Լուիսը, Իկատուն:
ՄԱՐԱՇ, Գերմանիկե, քաղաք Կիլիկյան Հայաստանում (այժմ՝ Թուրքիա), նախկին Հալեպի վիլայեթում (այժմ՝ Մարաշի վիլայեթի վարչական կենտրոնը), Ջահան գետի ձախ ափին: Ունի 105,2 հզ. բն. (1970): Երկաթուղային կայարան, ավտոխճուղիների հանգույց: Բրնձի մշակման ու առևտրի կենտրոն: Կան տեքստիլ, մետաղամշակման, սննդի (ալրաղաց, բրնձի մաքրման, յուղի) և գորգերի տնայնագործական արտադրության ձեռնարկություններ: Մ–ին տարբեր ժամանակներում տիրել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները ևն: Մանազկերտի ճակատամարտից հետո (1071) հայազգի զորավար Փիլարտոս Վարաժնունին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և ստեղծել մի ընդարձակ հայկական իշխանություն, որի կենտրոն է դարձել Մ.: Քաղաքն ուներ ամֆիթատրոնի ձև, որի մեջտեղում, բլրակի վրա գտնվում էր բերդը: 1097-ին Մ–ին տիրացան խաչակիրները: XII դ. սկզբին քաղաքի կառավարիչ է նշանակվել հայազգի Թաթուլ իշխանը: Այնուհետև Մ. մտել է Եդեսիայի իշխանության մեջ: Լևոն Բ թագավորի (1187-1219) օրոք Մ. միացվել է Կիլիկիայի Հայկական թագավորությանը: XVI դարից անցել է օսմանյան թուրքերին: XVII դ. հիմնադրվել է այժմյան Մ. (հին Մ–ից մոտ 18 կմ արմ.): Դեռ վաղ ժամանակներից Մ. բնակեցված է եղել հայ հոծ բնակչությամբ: 1914-ին ուներ 70 հզ. խառը բնակիչ, որոնցից 40 հզ. հայեր, մնացածը՝ թուրքեր, արաբներ, հույներ ևն: Քաղաքի հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով, արհեստներով, նաև երկրագործությամբ և պտղաբուծությամբ: Մ–ում գոյություն ուներ հայկ. երեք համայնք՝ լուսավորչական (ուներ վեց եկեղեցի՝ Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս, Քառասուն Մանկունք), կաթոլիկական (ուներ մեկ եկեղեցի՝ Ս. Փրկիչ) և բողոքական (ուներ չորս եկեղեցի): Գործել են վարժարաններ (նշանավոր էին Ազգային կեդրոնականը և Հ. Մալճյանինը) և ճեմարան (տես Մարաշի ճեմարան): Մ–ում լույս են տեսել «Ճշմարտություն» (1919) և «Կոչնակ» (1964) պարբերականները: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով: Երևանի արլ. կողմում՝ Նորքում հիմնադրվել է Նոր Մարաշ ավանը, որտեղ բնակություն են հաստատել ներգաղթած մարաշցիներ:
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, հ. 1, Վնտ., 1806: Ծոցիկյան Ս. Մ., Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947:
«ՄԱՐԱՇ», երկամսյա տեղեկատու պարբերաթերթ: Մարաշի հայրենակցական միության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1954-66-ին, Բուենոս Այրեսում, հայերեն և իսպաներեն: Խմբագիր՝ Ս. Չալյան: Լուսաբանել է Հարավային Ամերիկայի երկրներում բնակություն հաստատած մարաշցիների մշակութային, կրթական և երիտասարդական կյանքը: Կոչ է արել հանգանակությամբ կրթական ֆոնդ ստեղծել Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայ երիտասարդների համար: «Հայրենի աշխարհ» խորագրով ներկայացրել է ՀՍՍՀ մշակութային ու տնտ. կյանքի վերելքը, տպագրել հայրենիք ներգաղթած մարաշցիների նամակները, հրապարակել Մարաշի անցյալին ու ներկային վերաբերող հուշեր, ականատեսների նկարագրություններ, ուսումնասիրություններ:Գ. Գույումջյաև ՄԱՐԱՇԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Պատկանում է Կիլիկիայի կամ հվ–արմ. միջբարբառախմբին: Մեռած բարբառ է: Խոսվել է Մարաշում և շրջակա հայաբնակ գյուղերում: Ունի երկաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ (պ>բ, բ>բ.