Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մխիթարութիւն չը կար հպատակների համար։ Երբ Չինգիզի ժառանգութիւնն էլ ոչնչացաւ, Արևմտեան Ասիայի բոլոր կողմերում վխտում էին մանր-մունր բոնապետութիւններ, որոնք անփոփոխ էին պահում սրի և աւերածի իրականութիւնը։ Նրանք ընկնում էին, բարձրանում, մեծանում էին, նորից փոքրանում, նայած թէ ինչպէս էր գործում զէնքը, որ դանդաղ, բայց անընդհատ մաշում էր ոչ միայն բռնակալութիւնները, այլ և նրանց ենթարկված ժողովուրդները։

Երեք դար էր, ինչ մօնգօլօ-թուրքական լուծը կախված էր հայ երկրի վրա։ Այդ երեք դարերը այնպէս կերպարանափոխեցին ամեն ինչ, որ հայութիւնը ներկայացնում էր մի կրծոտված, ուժասպառ, հոգեվարքի մէջ ընկած կազմուածք։ Ռուբինեան անկախութիւնն էլ վերջացաւ, երկրի ռազմիկ տարրերը ձիւնի պէս հալվեցին, և կոտորողների առաջ կանգնած էր ժողովուրդը իբրև հօտ, որի միակ զէնքն էր աղաչանքն ու հնազանդութիւնը։ Աղէտալի էր մօնգօլօ-թուրքական ցեղերի այդ դարաւոր գործունէութեան հետևանքը․ - հայութիւնը ներկայացնում էր ազգագրական փոքրիկ կաթիլներ, ցրված մահմեդականութեան ծովի մէջ։ Ահեղ փաստերը սովորեցնում էին նրան չը սոսկալ նոյն իսկ ամենաանտանելի դրութիւնից: Վայրենացումը, անասնացումն է արիւնոտ սրի տակ ապրողի վիճակը։

Միտք չէր կարող ապրել այդպիսի դրութեան մէջ, քանի որ նոյն իսկ ֆիզիկական կեանքը անդադար դիմում էր դէպի մահ և ոչնչութիւն։ Ի°նչ