Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔ

Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ։ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը 387-ին հանգեցրեց հայ պետականության կործանմանը, Հայաստանի առաջին բաժանմանը այդ երկրների միջև։ Այդ թվականը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթաշխարհի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։

Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։

Դեռևս III–IV դդ. Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա ևն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867–1057)։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել VII–XIV դդ․, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց X–XI դդ., երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441-ը) նաև Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921-ը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։

Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած XVI դ-ից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան ևն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301) հետո Հայ առաքելական եկեղեցին դարձավ հայ ժողովրդի ինքնապահպանման