Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղաքը գրեթե հայաթափվել է (հայերի զգալի մասը տեղափոխվել է Բաքու, ինչպես նաև մոտակա Գյոքչա գյուղաքաղաք):

1844-ին հիմնվել է Շամախու հոգևոր սեմինարիան, 1869-ին` Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, 1864-ին` Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870-ին` Մադրասա գյուղի ծխական մեկդասյա դպրոցը, 1872-ին` Օրիորդաց ծխական դպրոցը: 1916-ին Շամախիում գործել է 14 եկեղեցի, 1914-1915 ուսումնական տարում` 23 ծխական դպրոց:

Շամախիում են ծնվել Ա. Շիրվանզադեն, Կ. Զարյանը, Հ. Աբելյանը և ուրիշներ:

Շամախիում հայ կյանքը վերջնականապես դադարել է 1988-90-ին. հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառով հայերը լքել են քաղաքը:

Շաքի (մինչև 1968-ը` Նուխի) քաղաքը, ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, եղել է եպիսկոպոսանիստ դեռևս VI դ.: 775-962-ին Շաքիում իշխել են Տարոնից սերած Բագրատունիները. հայտնի են Սահլ Սմբատյանը, Գրիգոր Համամը, նրա թոռ Ատրներսեհը, Սևադա իշխանիկը: VII դ. հիշատակվում է Շաքիի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Եղիազարի անունը (Աղվանից կաթողիկոս` 683-689-ին): Մատենագրական, վիմագրական, ուղեգրական հարուստ տեղեկությունները վկայում են, որ Շաքիում բնակվել է հոծ հայ բնակչություն: XVI դ. Շաքիում իշխել է Լևինտի որդի Առաքել Միրզան, XVII դ.` հայազգի Հաճի Չալաբին, որի հայրը բռնի մահմեդականացված հայ երեց էր: XVI դարից Շաքիի եկեղեցիներն ու վանքերը գտնվել են Շամախու թեմի ենթակայության տակ:

XVII դ. ճանապարհորդ-ուղեգրող Էվլիյա Չելեբին Շաքի քաղաքի մասին հաղորդում է. «…Ունի 3000 տուն, 7 մեհրաբջամի… Ունի նաև խան, բաղնիք և շուկա: Այգիներից և պարտեզներից աննման մետաքս է ստացվում»:

XVIII դ. կեսին-XIX դ. սկզբին Շաքին եղել է Իրանի Շաքիի խանության կենտրոնը: 1805-ին Ռուսաստանին միանալուց հետո Շաքիի խանությունը վերածվել է ռուսական վարչությանը ենթակա գավառի, 1840-ին` Շաքիի գավառ Կասպիական մարզի կազմում, 1859-ից եղել է Բաքվի, 1868-ից` Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառի կենտրոնը: Շաքիի հայերը զբաղվել են արհեստներով, այգեգործությամբ, շերամապահությամբ:

1916-ին Շաքին ուներ ավելի քան 8 հզ. հայ բնակիչ: Գործել են Ս. Աստվածածին, Ս. Հռիփսիմե և Ս. Մինաս եկեղեցիները, տղաների և օրիորդաց (Ս. Մարիամյան) երկդասյան վարժարանները: XIX դ. վերջին քաղաքում գտնվող 16 մետաքսի ֆաբրիկաներից 6-ը պատկանել է հայերին: Կարինցի բարերար Մկրտիչ Սանասարյանի (1818-89) նյութական միջոցներով վարժարաններ են բացվել նաև Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում: Նուխիի գավառում մինչև 1918-ը եղել են երեք տասնյակից ավելի հայաբնակ բնակավայրեր` ավելի քան 17 հզ. բնակչությամբ: Աչքի են ընկել Նիժ (շուրջ 3 հզ.) և Վարդաշեն (1,6 հզ.) գյուղաքաղաքները, Գյոքբուլաղ (1,5 հզ.), Դաշբուլաղ (2,6 հզ.), Թարաքա (ավելի քան 1000), Ճալեթ կամ Ճալուտ (1,7 հզ.), Յաղուբլու (1,4 հզ.), Չարղաթ (1,3 հզ.), Սաբաթլու (2,8 հզ), Սոլթան-Նուխի (1,1 հզ.) գյուղերն ու ավանները: Գավառի տարածքում պահպանվել էին հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ (Քիշի Ս. Եղիշե Առաքելո կամ Գիս, Ճալեթի, Բիդեիզի (Պարտեզի) Ս. Գևորգ և Ս. Գեղարդ վանքերը ևն): Մեծաթիվ հայեր են բնակվել նաև հարևան Արեշի գավառում, որտեղ 1916-ին կային 20 հայաբնակ գյուղեր` շուրջ 20 հզ. բնակչով: Աչքի են ընկել Ամուրավան (1,2 հզ.), Գիրդադիլ (1,1 հզ.), Խոշկաշեն (ավելի քան 1000), Հավարիկ (շուրջ 1000), Մեծ Սոգյութլու կամ Ուռեկան (2,8 հզ.), Քանդակ (շուրջ 1000) բնակավայրերը: 1918-20-ին Նուխիի և Արեշի գավառների հայությունը ևս թուրքական զորքերի և Ա-ի կառավարության կողմից ենթարկվել է կոտորածների: Հազարավոր հայեր հարկադրված գաղթել են ՀՀ (հիմնել են Նոր Արեշ և Վարդաշեն գյուղերը, այժմ` Երևանի շրջագծում) և Վրաստան (Կախեթում հիմնել են Սաբաթլո ավանը): 1921-ին նշված տարածքում հայերի թիվն արդեն չէր գերազանցում 5 հզ-ը, որից 1628-ը` Շաքի քաղաքում: Խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո ևս հայերը (թեև փոքրաթիվ) շարունակել են բնակվել Շաքիում: 1980-ական թթ. վերջին սրված հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով հայերը լքել են քաղաքը և շրջակա գյուղերը: