Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եկեղեցի

Ժամանակակից Ա-ի տարածքում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500-ին, Բաքվում: Յուրաքանչյուր հայկական բնակավայր ունեցել է առնվազն մեկ եկեղեցի` շրջապատված սրբավայրերով ու ուխտատեղիներով: Հայկական եկեղեցիներն ընդգրկված են եղել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շամախու թեմի մեջ: Թեմի սկզբնավորման ստույգ թվականը հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ XVI դ. այն գոյություն է ունեցել, և նրա ենթակայության ներքո են գտնվել Շաքիի (Նուխի) եկեղեցիներն ու վանքերը: Շամախու թեմի առաջնորդանիստն էր 1660-ից Սաղիանի (Սաղյան) Ս. Ստեփանոս Նախավկա վանքը: Ցարական կառավարության 1835-ի մարտի 11-ի ընդունած կանոնադրությամբ («Պոլոժենիե»)` Կուրի ձախափնյակի հայահոծ շրջաններում ստեղծվել են Էջմիածնի Մայր աթոռին ենթակա երկու առաջնորդական թեմեր (Արցախի, Շամախու) և մեկ հաջորդական վիճակ: Շամախու կամ Շիրվանի թեմն ընդգրկել է Գյոքչայի, Շամախու, Ղուբայի, Սաղիանի, Բաքվի շրջանները և Դերբենդ քաղաքը: Կանոնադրությամբ Շաքին և Լենքորանը հանձնվել են Արցախի թեմին: Թեմակալ առաջնորդ Հովհաննես եպս. Շահխաթունյանցի օրոք 1838-ին առաջնորդանիստը Սաղիանից տեղափոխվել է Շամախի, և տեղի Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1701-ին) դարձել է առաջնորդանիստ: Նույն թվականից գործել է թեմի վիճակային ատյանը (կոնսիստորիա): 1853-ին թեմում գործել են 34 եկեղեցի, 31 հոգևորական: 1869-ին Բաքվում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից հետո, եկեղեցական գործերը վարելու նպատակով, 1872-ին Էջմիածնի Սինոդի հրամանագրով ստեղծվել է Բաքվի հայոց եկեղեցիների գործակալություն: 1890-ին թեմի տարածքում կային հայաշատ բնակչություն ունեցող չորս քաղաք (Բաքու, Ղուբա, Շամախի, Դերբենդ), 48 հայկական գյուղ, 39 եկեղեցի և երկու վանք (Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա և 1688-ին հիմնված Մեյսարիի Ս. Աստվածածին): 1905-ին հիմնադրվել է Բաքվի հայոց ծխական հոգաբարձությունը: Զբաղվել է եկեղեցիների, դպրոցական շենքերի, աղքատանոցների կառուցման, պահպանման ու վերաբացման աշխատանքներով:

Բաքվից 24 կմ հեռավորության վրա Բուզովնա նախկին հայկական գյուղում հայտնաբերվել են XII-XIII դդ. թվագրվող եկեղեցու ավերակներ: Նույն ժամանակաշրջանին են պատկանում Զայզիտ գյուղի (Շաքիի շրջան) Ս. Գևորգ եկեղեցին, Ս. Եղիշե Առաքելոց վանքը և 1311-ին գյուղի մերձակայքում կառուցված մատուռը: Ուռեկան (Մեծ Սյոկյութլու) գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1482-ին, նույն տեղում նույնանուն եկեղեցի է կառուցվել 1671-ին:

1914-ին թեմի տարածքում հայերի թիվը 133 հզ. էր: 1916-ին գործել է 39 եկեղեցի, որից 14-ը` Շամախու, 17-ը` Գյոքչայի, 2-ը` Ղուբայի գավառներում, 5-ը` Բաքվում և 1-ը` Դերբենդում: 1917-ից Բաքվում գործել է «Բաքվի հայ քահանաների միությունը»: 1918-ի մարտի վերջին Շամախիում բռնկված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թաթարներն այրել են թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը: Թեմը մեծ վնասներ է կրել 1918-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին, երբ թուրքական զորքերն արշավել են Բաքու և ճանապարհին ավերել հայկական բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ ու վանքեր, կոտորել հազարավոր հայերի: Թեմակալ Բագրատ եպս. Վարդազարյանը Գյոքչա և Շամախի գավառների կոտորածներից փրկված հայերի հետ գաղթել է Բաքու, Շամախուց Բաքու է տեղափոխել (1918-ին) թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձրել առաջնորդանիստ:

Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո թեմի առաջնորդարանն ու վիճակային ատ-