Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ԱՄՆ)

Պետություն Հյուսիսային Ամերիկայում: Տարածքը`9518,9 հզ. կմ²: Բնակչությունը` 292 մլն (2003): Մայրաքաղաքը` Վաշինգտոն (607 հզ.): Հայերի թիվը` շուրջ 1,2 մլն:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել XVII դ. առաջին տասնամյակներից: Այստեղ եկած առաջին հայի` պարսկահպատակ Ջոն Մարտինի անունը հիշատակվում է 1618-ին (զբաղվել է ծխախոտագործությամբ): 1653-54-ին Վիրջինիայի նահանգի կառավարչի հրավերով Թուրքիայից եկել են շերամաբույծ երկու հայ վարպետներ` շերմաբուծությունը զարգացնելու նպատակով: XVII-XVIII դդ. հայերի փոքրաթիվ խմբեր Ամերիկա են գաղթել Եվրոպայից (Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից), ինչպես նաև Հնդկաստանից և վերաբնակվել Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա նահանգներում: XVIII դ. 70-ական թթ. հայերի թիվն ԱՄՆ-ում հասել է 70-ի:

XIX դ. 30-ական թթ. սկսված հայերի նոր հոսքը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, կրթալուսավորչական գործունեության: 1834-ին Կ. Պոլսի միսիոներներական դպրոցի սան 16-ամյա Խաչատուր Ոսկանյանը սկզբնավորվել է հայ, մասնավորապես պոլսեցի, երիտասարդության հոսքը ԱՄՆ-ի բարձրագույն և առաջնակարգ ուսումնական հաստատություններ` դառնալով առաջին հայ մտավորականը Նոր Երկրում: 1861-1865-ին, քաղաքացիական պատերազմին հաջորդած տարիներին, երբ ԱՄՆ թևակոխել է արդյունաբերական բուռն զարգացման շրջան, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՄՆ են սկսել մեկնել հայերի խմբեր (հիմնական պատճառներն էին հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի ապահովությունը Օսմանյան Թուրքիայում): Նրանց մեծ մասը ձգտել է ժամանակավորապես աշխատելուց և որոշ գումար ձեռք բերելուց հետո վերադառնալ հայրենի բնակավայրեր: 1870-ական թթ. վերջին Նյու Յորքում, Ուստրում, Փրովիդենսում սկսել են ձևավորվել հայկական առաջին համախմբումները:

XIX դ. վերջին Թուրքիայում գործել են ավելի քան 160 միսիոներներ, 40 միսիոներական գիշերօթիկներում և 7 քոլեջներում սովորել են շուրջ 2700 տղա և աղջիկ (1899-1900-ին Կ. Պոլսի Ռոբերտ քոլեջի աշակերտների 74%-ը հայեր և հույներ էին):

Օսմանյան Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում ամերիկյան ավետարանական քարոզիչների կրթալուսավորչական գործունեության (եկեղեցիների, նախնական ու բարձրագույն դպրոցների, քոլեջների և մշակութային այլ օջախների ստեղծում) ծավալման հետևանքով XIX դ. 80-ական թթ. աճել է հայ, հիմնականում ամուրի (95%) երիտասարդների արտահոսքը երկրի գրեթե բոլոր շրջաններից, գերազանցապես` Խարբերդից (40%): Եվրոպական շուկաներում արդեն իսկ իրենց գործունեությունը տարածած հայ հարուստ վաճառականները ձեռնպահ էին մնում ԱՄՆ ներթափանցելուց: 1880-ական թթ. վերջից արդեն 1500 հայ ունեցող ԱՄՆ դարձել էր նաև քաղաքական ապաստան և գոր-