Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դակը` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Լույս է տեսնում «Շնորհալի» թերթը (խմբ.` Գրեյս Ճերալյան-Շահինյան):

Բոստոնում հայերը բնակություն են հաստատել 1880-ական թթ.: Մինչ այդ հիշվում է 1682-ին այստեղ հաստատված հունգարահայ Ստեփան Զադորին: 1890-ին Սարգիս Շաղլյանը Բոստոնում հիմնել է շաքարեղեգի գործարան (մասնաճյուղեր է ունեցել Կալիֆոռնիայում): Ներկայումս (2003) Բոստոնում և շրջակայքում ապրում է 70 հզ-ից ավելի հայ: Նրանք հիմնականում մտավորականներ են, բանվորներ, արհեստավորներ, առևտրականներ:

Առաջին հայկական եկեղեցին գործում է 1923-ից: ԱՄՆ-ի Հայ կաթողիկե եկեղեցու կենտրոնը` Ս. Խաչ եկեղեցին: Կան նաև ավետարանական եկեղեցիներ: Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և մեկօրյա դպրոցներ: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են ՀՀԴ-ի, ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, մարզական, երիտասարդական կառույցներով, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, հայրենակցական (այնթապցիներ, խարբերդցիներ, արաբկիրցիներ, մարաշցիներ, սեբաստացիներ, համավասպուրականցիներ) միությունների մասնաճյուղերը: Բոստոնում է ՌԱԿ-ի Արևելյան շրջանային վարչության գրասենյակը: Գործում են բազմաբնույթ մասնագիտական կազմակերպություններ. Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR), Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունը (գտնվում է Քեմբրիջ քաղաքում` Բոստոնի մերձակայքում), Հայ դերասանների, Հայ բժիշկների ընկերությունները, Ամերիկայի հայկական գրադարանների և թանգարանների միությունը (ALMA): Գործում են նաև Համազգային մշակութային միության թատերախումբը, «Համաստեղ» գրադարանը: Լույս են տեսնում «Հայրենիք», «Հայ սիրտ» պարբերականները, "The Armenian Review" ամսագիրը, "The Armenian Weekly" և "The Armenian Spectator" շաբաթաթերթերը: Բոստոնում են լույս տեսել նաև «Պայքար» օրաթերթը, «Հայրենիք» ամսագիրը: Գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր` հայերեն և անգլերեն: Հարվարդի համալսարանն ունի հայագիտական ամբիոն:

Դետրոյտում հայերը բնակություն են հաստատել XX դ. սկզբին. հիմնականում բանվորներ էին (աշխատում էին Ֆորդի ավտոգործարանում): Ժամանակի ընթացքում փոխվել է նրանց կազմը. այժմ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, փաստաբանները, բժիշկները, կան արհեստավորներ, առևտրականներ: Առաջին հայկական եկեղեցին Դետրոյտում հիմնվել է 1915-ին (շենքը կառուցվել է 1931-ին), կան կաթոլիկ (Ս. Վարդան, 1948-ից) և ավետարանական (Հայկական ժողովական, հիմնվել է 1917-ին) եկեղեցիներ, կից գործում են մեկօրյա դպրոցներ, երիտասարդական, կանանց և այլ կազմակերպություններ: Դետրոյտի հայ համայնքի կազմավորումից ի վեր գործում են այնթապցիների, վասպուրականցիների, յոզղատցիների, քղեցիների հայրենակցական, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Հայ երիտասարդաց դաշնակցության Դետրոյտի մասնաճյուղերը, Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը (1969-ից): 1969-ից գործում է Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը: Ուեյնի նահանգային համալսարանում գործում է հայագիտական ամբիոն: 1992-ից գործում է Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը: Լույս է տեսել 19 անուն հայ պարբերական. առաջինը` «Լուսավորիչ» հանդեսը` 1916-ին: Գործում են թատերախումբ, պարախումբ, հայկական ռադիոժամ: Դետրոյտի կենտրոնական հրապարակումներից մեկում կանգնեցված է Կոմիտասի հուշարձանը (քանդ.` Արտո Չաքմաքչյան): Ներկայումս (2003) Դետրոյտում բնակվում է 22 հզ. հայ:

Լոս Անջելեսում հայերը բնակություն են հաստատել XIX դ. վերջից: Համայնքը ձևավորվել և ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր: Այդ հոսքն ավելացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և այժմ էլ շարունակվում է Մերձա-