Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնագետների, ծառայողների և հատկապես ուսանողության թիվը: Այսպես` 1960-ական թթ. հայերին էին պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 18%-ը և մանր արհեստավորական ձեռնարկությունների 43%-ը: Իրանի և Լիբանանի հայության սոցիալ-իրավական կարգավիճակի կարևոր առանձնահատկություններից է այն, որ այստեղ նրանք ճանաչվում են որպես ազգային-կրոնական համայնք, ինչի շնորհիվ էլ իրենց ներկայացուցիչներն ունեն այդ երկրների խորհրդարաններում ու կառավարություններում:

Արևելքի երկրների հայության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն սփյուռքի մյուս համայնքների, նրանք գործում են մահմեդական երկրներում: Մահմեդականության և քրիստոնեության հիման վրա ձևավորված մշակույթների և ապրելակերպի էական տարբերությունները մեծապես նպաստում են հայերի ազգային ինքնության պահպանմանը: Կրոնամշակութային այդ առանձնացվածության հետևանքով հազվադեպ են ամուսնությունները տեղացիների և հայերի միջև: Հայ ընտանիքների ազգային միատարրության շնորհիվ հնարավոր է դարձել աճող սերունդներին տալ հայեցի դաստիարակություն, զարգացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը:

Սկսած 1920-ական թթ.` Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում մինչ այդ գործող դպրոցների կողքին հիմնվել է հայկական միջնակարգ (երկրորդական) և նախակրթական դպրոցների լայն ցանց: Տեղի հայության համար հայոց լեզուն ներկայումս էլ հաղորդակցման բնական միջոց է, այստեղ տարբեր տարիների հրատարակվել են մեծ թվով հայկական թերթեր ու ամսագրեր, պահպանվել և զարգացել են հայ գեղարվեստական գրականության ավանդույթները: Բազմաթիվ ազգային, հատկապես մշակութային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, հայալեզու պարբերականների գոյությունը ստեղծել է ուրույն հայկական մթնոլորտ Հալեպի, Բեյրութի գրեթե ամբողջովին հայերով բնակեցված առանձին թաղամասերում: Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայ համայնքները մինչև 1980-ական թթ. հայ սփյուռքի մշակութային և քաղաքական կենտրոններն էին: Այստեղ են մեծացել ու կրթություն ստացել նաև այլ երկրների համայնքային առաջնորդների զգալի մասը: Արևելքի երկրների համայնքների մշակութային և կրթական առաջընթացին մեծապես նպաստել է նաև Արևմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ-ի, հայության մշտական ֆինանսական օժանդակությունը, որի շնորհիվ հիմնվել են դպրոցներ, երիտասարդական կենտրոններ, հիվանդանոցներ, տրամադրվել են կրթաթոշակներ ևն:

Սկսած 1950-ական թթ. վերջից այս տարածաշրջանի հայ համայնքների բնականոն զարգացումն ընդհատվել է: Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և Արևելքի այլ երկրներում ազգայնական տրամադրությունների աշխուժացումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ու գործունեության սահմանափակումները, քաղաքական անկայունությունը (քաղաքացիական պատերազմը Լիբանանում, Իսլամական հեղափոխությունը Իրանում, Իրանա-իրաքյան պատերազմը ևն), ցածր կենսամակարդակը պատճառ են դարձել տեղի հայության արտագաղթի: Ներսփյուռքյան այս պարտադրված տեղաշարժը, որն աննախադեպ էր իր ծավալով և տևողությամբ, բացասաբար է անդրադառնում Արևելքի համայնքների կենսունակության վրա` հարցականի տակ դնելով նրանց առաջատար դիրքը հայ սփյուռքում: Արտագաղթող հայերի բացարձակ մեծամասնությունը նախընտրել է Արևմուտքի զարգացած երկրների ժողովրդավարական հասարակարգն ու քաղաքական կայունությունը` գիտակցելով հանդերձ այդ երկրներում սոցիալ-տնտեսական ինքնահաստատման, ազգամշակութային ինքնության պահպանման հետ կապված դժվարությունները:

Հայկական համայնքներն Արևմուտքի երկրներում: Սկզբնական շրջանում առավել ծանր էր հայ գաղթականների վիճակը Արևմուտքի արագ զարգացող արդյունաբերական երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա ևն): Չունենալով բավարար մասնագիտական հմտություններ, որպես կանոն չտիրապետելով տեղի լեզուներին` նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք: Ներգաղթած հայերը իրական պատկերացում չունեին այդ ժողովուրդների ապրելակերպի, բարոյական ու մշակութային նորմերի մասին, որոնք հաճախ խորթ և անընդունելի էին իրենց համար: Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, անծանոթ լինելով հայերին, ինքնաբերաբար նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները: Դրա դրսևորումներից էր, օրինակ, 1920-ական թթ. հայերի բնակության վայրի և աշխատանքի ընտրության, հասարակական փոխադրամիջոցներից օգտվելու և քաղաքացիական այլ իրավունքների խիստ սահմանափակումները ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նսհանգում: Միայն տարիներ անց հայերն իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացան դառնալ այդ երկրների լիիրավ քաղաքացիներ: Իսկ արդեն Արևմուտքի երկրներում մեծացած ու կրթություն ստացած սփյուռքահայերն իրենց պատվավոր տեղը