Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նությունների ընդհանուր թվի շուրջ 60%-ը:

Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ ևն) համայնքների կազմավորումն ու զարգացումը հիմնականում ընթացել է Արևմուտքի երկրների հայկական համայնքների նման: Այդ համայնքների կարևոր առանձնահատկություններից է այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի նկատվել տեղի հայերի շոշափելի արտագաղթ: Միևնույն ժամանակ սփյուռքի այլ համայնքներից և Հայաստանից համեմատաբար քիչ թվով հայեր են գաղթել Հարավային Ամերիկայի երկրներ:

Հետխորհրդային տարածքի հայ համայնքները: Արևելքի ու Արևմուտքի երկրների համեմատ սկզբունքորեն այլ էր հայության վիճակը Խորհրդային Միությունում: Խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականությունը բացասական հետևանքներ ունեցավ երկրի` Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայության համար: ԽՍՀՄ իշխանությունները, ազգային սկզբունքի հիման վրա ստեղծելով առանձին հանրապետություններ, միևնույն ժամանակ անտեսեցին ազգային փոքրամասնությունների գրեթե բոլոր իրավունքները: Հատկապես ճակատագրական եղավ հայկական առանձին տարածքների հանձնումը Խորհրդային Ադրբեջանին. Նախիջևանը լրիվ հայաթափվեց, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ստիպված եղավ զենքով պաշտպանել ազատ և ինքնուրույն ապրելու իր իրավունքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1944-ին) Ղրիմում ապրող մի շարք ժողովուրդների (թաթարներ, հույներ, բուլղարներ) հետ միասին Ղազախստան և Ալթայի երկրամաս արտաքսվեցին նաև հազարավոր հայեր:

Հատկանշական է, որ խորհրդային իշխանության տարիներին թե՛ պաշտոնական և թե՛ գիտական հրապարակումներում, խոսելով ԽՍՀՄ տարածքում Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի մասին, երբեք չէր կիրառվում սփյուռք հասկացությունը: Գաղափարախոսական միտվածություն ունեցող այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ հայերը (այդ թվում և Խորհրդային Հայաստանում բնակվող) որպես Խորհրդային Միության լիիրավ քաղաքացիներ, բաղկացուցիչ մասն են «պատմական նոր հանրության»` խորհրդային ժողովրդի: Այդ մոտեցումն այնքան խորն էր արմատավորվել հասարակական գիտակցության մեջ, որ Հայաստանի անկախացումից հետո էլ հայաստանյան ամենատարբեր հրապարակումներում լայն տարածում գտավ «ներքին սփյուռք» ոչ գիտական բնորոշումը:

Խորհրդային Միության ռուսականացման քաղաքականությունը, երկրում հայկական ազգային հաստատությունների բացակայությունը անհնարին էին դարձնում տեղի հայության հավաքական ազգային մշակութային գործունեությունը: Հայերի ազգամշակութային ձուլմանը նպաստում էին նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում նրանց ամուսնությունները (ընդհանուր թվի ավելի քան 50%-ը) տեղացիների հետ: Մահմեդական բնակչություն ունեցող հանրապետություններում (Ադրբեջան, Ուզբեկստան, Տաջիկստան ևն) տեղի մշակույթների ազդեցությունը եղել և մնում է սահմանափակ:

Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ ներկայումս ամենահայաշատ հանրապետություններից է Վրաստանը, որտեղ հայերը զանգվածաբար բնակվում են ՀՀ սահմանամերձ Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ծալկայի և Մառնեուլի շրջաններում (նշված տարածքները սփյուռք դիտելը խիստ պայմանական է), նաև մայրաքաղաք Թբիլիսիում, որը մինչև 1920-ական թթ. Անդրկովկասի հայության մշակութային և քաղաքական ամենամեծ կենտրոնն էր: Խորհրդային իշխանության օրոք վիրահայոց ազգային մշակութային կյանքն ու գործունեությունը նույնպես ենթարկվել է սահմանափակումների և ճնշումների: Դրա հետ մեկտեղ, վրացահայերը իրենց բազմադարյան պատմության և Վրաստանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև թվաքանակի ու համահավաք բնակվելու հանգամանքի շնորհիվ որոշ արտոնություններ են ստացել ազգամշակութային ոլորտում:

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներն առանձին հանրապետություններում ապրող հայության համար նշանավորվեցին ողբերգական իրադարձություններով: 1988-92-ին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած զանգվածային սպանությունների ու հալածանքների հետևանքով տեղի հայ բնակչության հիմնական մասը (շուրջ 350-400 հզ.) ինչպես Բաքվից և Կուրից հյուսիս ընկած շրջաններից (Շամախի, Շաքի, Վարդաշեն, Իսմայիլի, Մինգեչաուր ևն), այնպես էլ պատմական Հայաստանի մասը կազմող որոշ տարածքներից (Կիրովաբադ-Գանձակ, Շամխոր, Դաշքեսան, Խանլար, Շահումյան) հարկադրաբար գաղթել է Հայաստան, Ռուսաստան և այլուր: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջինասիական նորանկախ պետություններում (Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան ևն) տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակի պատճառով տեղի հայերի մի մասը ևս տեղափոխվել է Ռուսաստանի տարբեր շրջաններ:

1990-ական թթ. ՀՀ ծանր սոցիալ-տնտեսական վիճակի հետևանքով