Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորձերը դեռևս ակնկալվող արդյունք չեն տվել:

Սփյուռքի գրեթե բոլոր կազմակերպությունների գործունեության կարևոր նպատակներից է Հայկական հարցի լուծումը: 1960-ական թթ-ից սկսած` հիմնվել են նաև հատկապես նման ուղղվածությամբ կազմակերպություններ, որոնցից ամենաազդեցիկն են Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը: Բոլոր այդ կազմակերպությունների երկարամյա և հետևողական գործունեությունը մեծապես նպաստել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը կամ դատապարտմանը մի շարք երկրների և միջազգային որոշ կազմակերպությունների կողմից:

Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Հայ սփյուռքի կենսունակության գրավականը նրա մշտական և բազմաբնույթ հարաբերություններն են Հայաստանի հետ: Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) շուրջ 350 հզ. հայ գաղթեց Ռուսական կայսրություն` հիմնականում Արևելյան Հայաստան:

Հայ պետականության վերականգնումը` ի դեմս Հայաստանի առաջին հանրապետության (1918-ի մայիս-1920-ի դեկտեմբեր), մեծ ոգևորությամբ ընդունվեց աարտասահմանի հայության կողմից: Մի շարք երկրներից Հայաստան եկան գիտնականներ, բարձրորակ մասնագետներ, ռուսական բանակի հայազգի սպաներ` հայրենիքի վերաշինմանը մասնակցելու նպատակով:

Խորհրդային կարգերի (1920-91) օրոք Հայաստանի բոլոր տեսակի շփումները սփյուռքի հետ ծրագրավորվել և վերահսկվել են ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից և ծառայեցվել երկրի պետական ու քաղաքական շահերին: ԽՍՀՄ-ն իր արտաքին քաղաքականության հիմքում դնելով դասակարգային անհաշտ պայքարի, համաշխարհային հեղափոխության գաղափարներ` նույնպիսի քաղաքականություն է պարտադրել նաև Հայաստանի իշխանություններին` հայկական սփյուռքի հանդեպ: Այդ քաղաքականության հիմնական կետերից էին. բռնագաղթած հայերի հայրենիք վերադառնալու իրավունքների լրիվ անտեսում և դրա փոխարեն բուրժուական շահագործողների դեմ պայքարում թուրք աշխատավորների հետ համերաշխվելու կոչեր, սփյուռքահայերին իրենց երկրների հեղափոխական շարժումների մեջ ներքաշելու փորձեր, սոցիալ-դասակարգային պայքարի հրահրում հայկական համայնքներում, Հայաստանի խորհրդային իշխանությունների քաղաքականության անվերապահ պաշտպանության պարտադրում ևն:

Դրա հետ մեկտեղ, սփյուռքահայ կազմակերպությունները և հատկապես ազգային կուսակցությունները հայտարարվեցին Խորհրդային Հայաստանի և սփյուռքահայ աշխատավորության թշնամիներ, որոնց դեմ պետք էր անզիջում պայքար մղել: Այս դրույթը սկսեց իրագործվել հատկապես 1921-ի հակաբոլշևիկյան ապստամբության ճնշումից հետո, երբ երկրից ստիպված էին հեռանալ իշխանությունների բոլոր գլխավոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ՀՀԴ-ն: Վերջինս ոչ միայն պահպանեց իրեն հատուկ հակախորհրդային ուղղվածությունը սփյուռքում, այլև կարճ ժամանակամիջոցում կազմակերպված բնույթ հաղորդեց դրան: Սփյուռքում սկիզբ առած քաղաքական առճակատման հիմքում ընկած էր Հայաստանի հետ հարաբերվելու գլխավոր չափանիշի ընտրությունը. այդպիսին համարել Հայաստանի իշխանությունների գաղափարախոսությունը, թե հենց Հայաստանի գոյության փաստը: Սփյուռքի մի մասը` «կոշտ» ընդդիմությունը, ՀՀԴ-ի գլխավորությամբ առաջնային համարեց գաղափարական չափանիշը: Սփյուռքի մյուս մասը` ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի գլխավորությամբ, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից խորհրդային իշխանությունը համարելով չարյաց փոքրագույնը, բավարարվեց «մեղմ» ընդդիմության դերով` ձգտելով բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդային Հայաստանի հետ: Դրանով իսկ սփյուռքում հաստատվեց քաղաքական հարաբերական հավասարակշռություն, որն իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, հնարավորություն տվեց հարմարվել երկու համաշխարհային համակարգերին, որոնցից մեկում ապրում էին իրենք, մյուսում` Հայաստանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած սառը պատերազմի սահմաններում Խորհրդային Միությունը, ձգտելով էլ ավելի ընդլայնել իր ազդեցության ոլորտները, որդեգրեց ավելի ճկուն քաղաքականություն` դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելով արդեն ոչ միայն և ոչ այնքան դասակարգային, որքան ընդհանուր քաղաքական շահերի հիման վրա: Համապատասխանաբար խմբագրվեց և Հայաստանի քաղաքականությունը սփյուռքի հանդեպ. ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն իրենց կառույցներով սկսեցին դիտվել որպես «առաջադիմական, հայրենասիրական» ուժեր և նրանց ընձեռվեցին Հայաստանի հետ շփվելու սահմանափակ հնարավորություններ, իսկ ՀՀԴ-ի հանդեպ անհանդուրժողական դիրքորոշումը մնաց անփոփոխ: Այդ նոր քաղաքականության դրսևորումներից էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնումը (1964), որի միջոցով էլ հետագա տարիներին որոշ չափով ապահովվում էին հայ ժողովրդի երկու հատվածների հարաբերությունները:

Հայաստանի խորհրդային իշխանությունները, գաղափարական պայ-