Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քար ծավալելով սփյուռքի քաղաքական կազմակերպությունների դեմ, միաժամանակ իրենց գոյության առաջին իսկ տարիներից որդեգրեցին տարբեր երկրներում ցրված հայությանը Հայաստան տեղափոխելու քաղաքականությունը:

1921-ի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ Միջագետքի (Իրաք) բրիտանական իշխանությունները ստիպված եղան այստեղ հատուկ ճամբարներում ապաստանած հայ գաղթականների առաջին խումբը (շուրջ 3 հզ. մարդ, հիմնականում վասպուրականցիներ) նավերով տեղափոխել Բաթում, որտեղից նրանք ուղևորվեցին Հայաստան: Ընդամենը քսան օր անց` 1922-ի հունվարի 10-ին, Բաթում ժամանեց Միջագետքում ապաստանած հայերի երկրորդ` նույնպես 3 հզ. հոգուց բաղկացած խումբը: Նույն տարում Իրանից, Կ. Պոլսից ներգաղթեց ևս 3,5 հզ. մարդ: Դրանով իսկ սկիզբ դրվեց հայրենադարձությանը, որն ընդմիջումներով շարունակվեց հետագա տասնամյակների ընթացքում:

1923-ին Հայաստան ներգաղթեց մոտ 1000 մարդ` մեծ մասամբ վասպուրականցիներ, 1924-ին` 4167 մարդ Սիրիայից, Հունաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից, 1925-ին` 5016 մարդ` հիմնականում Հունաստանից, ինչպես նաև Իրաքից, Թուրքիայից ևն: Հետագա տարիներին` 1926-29-ին, 1932-33-ին և 1936-ին, տարբեր երկրներից Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 23 հզ. մարդ: 1921-36-ին ներգաղթածների ընդհանուր թիվը հասավ ավելի քան 42 հզ-ի: Նկատի առնելով, մի կողմից, Հայաստանի խիստ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, մյուս կողմից` Հայաստան ներգաղթել ցանկացողների թվի մշտական աճը, սփյուռքահայ որոշ կազմակերպություններ, մասնավորապես ՀԲԸՄ-ը և հայրենակցական միությունները, միջոցներ տրամադրեցին ներգաղթողների համար նոր ավաններ ու գյուղեր կառուցելու նպատակով (Նոր Արաբկիր, Նոր Բութանիա, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Խարբերդ, Նուբարաշեն, Նոր Մարաշ ևն), որոնք հետագայում ներառվեցին Երևանի տարածքի մեջ:

1937-ին, ԽՍՀՄ-ում սկսված ստալինյան բռնաճնշումների հետևանքով, հակախորհրդային գործունեություն ծավալելու անհիմն մեղադրանքով արգելվեց ՀԲԸՄ և ՀՕԿ-ի գործունեությունը Հայաստանում: Դրանով իսկ վերջ դրվեցին սփյուռքի հետ առանց այն էլ խիստ սահմանափակ հարաբերություններին: Խորհրդային Միության ղեկավարությունը վերստին հիշեց սփյուռքահայության մասին ութ տարի անց: Դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Ստալինը նպատակադրվել էր հետ վերադարձնել այն տարածքները, որոնք 1921-ի Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը զիջել էր Թուրքիային: Կանխազգալով ԱՄՆ-ի և Անգլիայի հնարավոր հակազդեցությունը, որոնք արդեն մտահոգված էին Արևելյան Եվրոպայում ու Բալկաններում Խորհրդային Միության ազդեցության ընդլայնումով, Ստալինը մշակեց գործողությունների հատուկ ծրագիր, որում որոշակի դեր էր վերապահված նաև հայ սփյուռքին: Կարճ ժամանակում սփյուռքահայ բոլոր համայնքները տեղեկացան նշված տարածքները Խորհրդային Միությանը միացնելու ծրագրերի և զանգվածային նոր ներգաղթի թույլտվության մասին: Սփյուռքահայերի բազմաթիվ դիմումները ԽՍՀՄ ղեկավարությանը` հայրենի տարածքներ վերադառնալու ցանկության վերաբերյալ, օգտագործվեցին Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջների հիմնավորման համար: Խորհրդային Միության կառավարության որոշումը ներգաղթը թույլատրելու մասին հրապարակվեց 1945-ի նոյեմբերին, և ընդամենը վեց ամիս անց` 1946-ի հունիսին, Հայաստան հասավ ներգաղթողների առաջին խումբը: Այդ և հետագա երեք տարիներին 12 տարբեր երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 90 հզ. մարդ, այդ թվում` Լիբանանից և Սիրիայից` ավելի քան 32 հզ., Իրանից` մոտ 21 հզ., Հունաստանից` ավելի քան 18 հզ., Ֆրանսիայից` մոտ 5300 մարդ:

Խորհրդային Միության ղեկավարությունը, քաղաքական նպատակներով թույլատրելով ներգաղթը պատերազմից անմիջապես հետո, գիտակցում էր, որ երկիրը բնավ պատրաստ չէ ընդունել այդչափ մեծ թվով մարդկանց` բնակարանների, սննդամթերքի, հագուստեղենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների աղետալի սղության պայմաններում: Մինչդեռ հայրենադարձները, ի տարբերություն նախապատերազմյան շրջանի ներգաղթածների, այլևս չքավոր գաղթականներ չէին: Նրանք փոքր և մեծ քաղաքների բնակիչներ էին, տարբեր մասնագիտության տեր մարդիկ (սկսած արհեստավորներից ու առևտրականներից մինչև բժիշկներ ու գիտնականներ), որոնք այս կամ այն չափով արդեն ինքնահաստատվել էին ընդունող երկրների հասարակություններում: Գալով Հայաստան` նրանք առաջին իսկ օրվանից հայտնվեցին իրենց համար ծանր ու խորթ սոցիալ-տնտեսական պայմաններում, իրենց հանդեպ մշտական անվստահության մթնոլորտում, որի տրամաբանական հետևանքը եղավ 1949-ին տեղացի «ժողովրդի թշնամիների» հետ նրանց մի մասի արտաքսումը Խորհրդային Միության հեռավոր շրջաններ: 1975-ին խորհրդային իշխանությունները, Հելսինկիում ստորագրելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության պայմանագիրը, ստիպված էին «ընտանիքների վերամիավորման