Էջ:Մի կյանք և մի սեր 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը բաղկացած էր մի նախասենյակից և մի սենյակից՝ հողե հատակով։

Այդ խրճիթում բնակվում էր մի այրի կին, արդեն հիսունն անց, սպիտակ մազերով, բայց զարմանալիորեն կարմրավուն երեսներով։

Որտեղից որտեղ Մոսես ախպարը լսել էր այրի կնոջ անունը։ Մի երեկո, հենց այն ժամանակ, երբ արևը թաղվում էր ծառերի ետևը և դաշտից զով ու թեթև մի քամի էր բարձրանում՝ Մոսես ախպարը մոտեցավ այրի կնոջը, որ ծնկան վրա դրած մատուցարանի վրա մի ափ ցորեն էր մաքրում, և ասաց.

— Խաչխաթուն քորո, եկա՛։

— Եկար, եկար, ա՞չքս կպաղեր։

— Քըզի փարա իմ բերեր։

Այրի Խաչխաթունը զարմացավ։

— Փարա՞։

— Հա՛, ինչքա՞ն կուզես։

— Տեսնամ,— աշխուժացավ Խաչխաթուն քորոն, մատուցարանը դրեց մեկ կողմ, ձեռքերը խաչաձևեց և դրեց փորի վրա։

Մոսես ախպարը հանեց իր բոլոր փողերը և դրեց Խաչխաթուն քորոյի ծնկանը և, չնայելով նրա ապշահար դեմքին՝ ասաց.

— Իշդե բյուդյունը (բոլորը) քըզի։

— Ջաննըմի՛ր, խենթ շուն, գազեթայի կտորները բերեր է քի՝ փարա է։

— Խաչխաթուն քորո, թուշդ կրծիմ, փարա է։

— Գնա՛, սարսա՛ղ, բախտ որ ունենայի, քըզի պես խենթերը դեմս չէին տնկվիր։

— Աչքս քոռնա, փարա է,— երդվեց Մոսես ախպարը։

Այրի Խաչխաթուն քորոն չհավատաց, վեր կացավ տեղից, մատուցարանը վերցրեց հետը, գնաց ներս և դուռը կողպեց Մոսես ախպոր երեսին։

Մոսես ախպարը չհուսահատվեց, գնաց շուկա։ Գնաց, որպեսզի այդ փողերով բան գնի, բերի Խաչխաթուն քորոյին, որ հավատա, բայց բոլոր խանութները փակ էին։ Գլուխը կախեց, մռայլվեց, էլ չժպտաց և կանգնած տեղն էլ նստեց ու քնեց, երբ հոգնությունն աճեց նրա ոսկորների մեջ։