կոտրտած փայտ ծախողների շարքը։ Խաչխաթուն քորոն էլ ետևից։
— Մոսես ախպար, ի՞նչ կուզես։
— Փատ կուզիմ, ղուրբա՛ն։
Փայտավաճառը կշռեց մի գիրկ փայտ և տվեց։
Մոսես ախպարը ծոցից հանեց մի լրագրի կտոր և վճարեց փայտի համար։ Խաչխաթուն քորոն ապշեց։ Փայտերն ինքը Քորոն դարսեց թևի վրա։
— Է՛հ, դուն տուն գնա, ես գործ ունիմ,— ասաց Մոսես ախպարը։
— Կեսօրին եկուր, մեկտեղ ուտինք։
— Հա՛, ղուրբան, հա՛։
Խաչխաթուն քորոն գնաց, իսկ Մոսես ախպարը կանգնեց մի պատի տակ։
Խաչխաթուն քորոն հարևանուհիներին կանչեց ներս։
— Տեսե՜ք, տեսե՜ք, իշտե ղազեթայի փարչայով (կտորտանք) առավ։
— Քա՛, վո՞վ։
— Խե՛նթը, վո՞վ։
Բոլորը մատ խածին։
Խաչխաթուն քորոն ցույց տվեց Մոսես ախպոր բերած միսը, հացը և բանջարեղենը։
— Քա՛, ղազեթայի փարչայո՞վ առիք։
— Հա՛։
— Քա՛, ձեր մեջ վո՞վ է խենթը, Մոսե՞սը, թե դուն։
— Չըլնի՞ թե ես եմ խենթը,— տարակուսեց Խաչխաթուն քորոն, բայց շուտով զգաստացավ, չէ՛, խենթը Մոսես ախպարն էր, բայց ի՞նչն էր այդ մթին գաղտնիքը։
Իսկ Մոսես ախպարը շարունակեց իր աշխատանքը շուկայում։
— Մոսես ախպար։
— Ղուրբա՛ն։
— Գնա, սիթիլ մը ջուր բեր։
Եվ Մոսես ախպարը փութկոտությամբ ու աշխուժությամբ վազեց աղբյուր։
Կեսօրին Մոսես ախպարը գնաց Խաչխաթուն քորոյի խրճիթը և մտավ ներս համարձակորեն։