Էջ:Յըլդըզ 06.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կիտերսեն ուղուր օլա,
Դյուզ օվայոլին օլա։[1]

Մայրը գրկեր նրա գլուխը, լաց եղավ և ասաց․

— Չինար բոյիդ ղուրբան ըլլիմ, մայրիկի՛դ մեկհատիկը։

Քույրերը համբուրեցին նրան և միայն լաց եղան։

Արմենակը առաջին անգամ իր կյանքում ծխեց ծնողների ներկայությամբ։

Երբ Ուստա Օվանեսը վերադարձավ տուն՝ ասաց․

— Իշտե Արմենակիս ճղարա քաշելը քեֆս բերեց։

— Էնոր ճղարան սիրեմ,— ճռթկվեց[2] Աննա Քորոն։

Արմենակի մեկնելու հաջորդ առավոտը Ուստա Օվանեսի տունը մեռելի տան նման էր, կարծես երկար լաց լինելուց հոգնած՝ ամեն մարդ լռել էր, իրերն անգամ տխուր էին, թոկի մի կտոր, որ դուրս էր հանվել պահարանից Արմենակի ճամփորդության համար և ավելորդ էր համարվել, տխրորեն գալարվել էր և ընկել միջանցքում։

Երրորդ օրը Աննա Քորոն սենյակում հանկարծ մի լաց սկսեց։ Աղջիկները վազեցին և տեսան, որ բարձի տակից մայրը Արմենակի թաշկինակն էր գտել։

— Մի՛ մտմտա, կնի՛կ, ճամփորդութենեն ըլ թող հավասն առնե, բան մը կընենք,— ասում էր Ուստա Օվանեսը և առավոտ կանուխ վազում արհեստանոց։

Իսկ ամեն երեկո Ուստա Օվանեսը և Աննա Քորոն նստում էին և զրուցում Արմենակի մասին։

— Աղջի՛, Արմենակիս երթալը քանի՞ օր է,— հարցնում էր Ուստա Օվանեսը։

— Հինգ օր։

— Ասօր կը հասնի…

Երկար մտածում էր Ուստա Օվանեսը և ասում մի տեղի անուն։

Եվ այսպես ամեն օր։

  1. Որ գնաս՝ քեզ բարի ճանապարհ, ուղիղ դաշտը քեզ ճանապարհ։
  2. արցունք թափել