Էջ:Յըլդըզ 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահին, երբ պատարագը վերջանում էր և բոլոր ժողովուրդը դուրս էր թափվում մայր եկեղեցուց՝ Արմենակը դուրս հանեց Յըլդըզը։

Նրա զիլ խրխնջոցը բռնեց կիրակնօրյա առավոտի խաղաղ, զարմանալիորեն հանգստավետ մթնոլորտը։

— Էս տեսակ ձի իթցուն տարի առաջ Մուստաֆա փաշան ուներ, նմանը ա՛լ չի եղեր,— ասում էին բոլորը և դիտում Արմենակը, որ Յըլդըզի քամակին քակած, սլանում էր թռչունի արագությամբ, գլխավոր փողոցում։

Ուստա Օվանեսի, Աննա Քորոյի և Արմենակի քույրերի ուրախության չափ ու սահման չկար։ Կիրակնօրյա այդ առավոտը քանի՜֊քանի՜ աղջիկներ ասացին իրենց նշանածներին.

— Քա, դուն ըլ կյոյա[1] էրիկմարդ ես, հլե Արմենակը տես, ասլան կլմանի։

Իսկապես, Արմենակը հեքիաթի այն իգիթն էր, որ մազերը տված հովին, ճախրում էր օդում, նա այն դյուցազն էր, որ հանկարծ հայտնվել էր հրեղեն ձիու վրա նստած, եկել էր մուրազ բաժանելու բոլոր նրանց, որոնք տառապել էին իրենց անկարելի երազների համար։

— Ձիուդ նալին ղուրբան,— շշնջում էր Արմենակի մայրը, երբ լսում էր Յլըլդըզի պայտերի զրնգոցը, որ պայթում էր սալահատակի սպիտակ քարերի վրա և փշրվում, ինչպես արևի ոսկյա ծնծղան կապույտ լեռների և անտառների բարձրաբերձ և մուգ ծառերի գագաթների վրա։

Այդ օրը հարյուրավոր աղջիկներ սիրահարվեցին Արմենակին։ Մինչև անգամ մի աղջիկ այնքան համարձակ եղավ, որ մոտեցավ Արմենակի քրոջը և ականջին շշնջաց.

— Մեկ անգամ ախպորդ ծոցը պառկեի, տանեին թաղեի՜ն…


Զ

Եվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։

  1. իբրև թե