Էջ:Նամակ ռուսաց թագավորին 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


— Բերանս բաց արի թե չէ, մի անգամ խփեց։ Աչքերս սևացան․․․ Էլ միտս չի, թե ինչպես դուրս գցեցին․․․ Առստամը բեղի տակ ծիծաղում էր։


* * *

Այն օրից շատ տարիներ են անցել։ Պապս վաղուց է մեռել։ Նրա գերեզմանի հողը նստել է, և թեք է ընկել գերեզմանաքարը։

Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր, և աղոտանում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր Հավիտյան պարտական մնաս, թե պատասխանն ստանալիս չգաս և իմ գերեզմանին իմաց չտաս,— ասել էր նա վերջին լուսաբացին։

Նրանից մի տարի հետո մեռավ և տատս։

Նազու աղջիկն էլ դատարկ ձեռքով էր պառկել նրա կողքին։ Ու նրա հետ թաղել էին և թղթի այն կտորը, որ, իբրև թանկագին ավանդ, պառավը պահում էր սնդուկի մեջ։

Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը։

… Շատ տարիներ են անցել։ Այդ անցյալը ինձ համար դարձել է հիշողություն, որ հետզհետե ընկղմվում է մոռացության անդունդը։ Միայն երբեմն աչքիս առաջ երևում է իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը և խեղճ ժպիտը։ Սակայն հանկարծ ավերվում է և այդ պատկերը, նրա ժպիտը դառնում է ցավ, և ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը։


1927—1930