Էջ:Պարույր 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնք պետք է հոգևոր և բարոյական ուղղություն տային ժողովրդին, որոնք պետք է ուսուցանեին նրան ճշմարիտը և արդարը,― իրանք ավելի ևս մոլորեցնում են ժողովուրդը։ Տգետ են դրանք, և միևնույն ժամանակ ինքնահավան։ Առանց որևիցե մտավոր և բարոյական արժանավորության՝ ստացել են կարգ և աստիճան։ Ավելի արծաթով են ընտրված, քան թե հոգույն սրբոյ շնորհիվ։ Եվ այդ պատճառով, իրանք ևս արծաթասեր են և նախանձոտ։ Քրիստոնեական առաքինությունը բացակա է նրանցից, և թողնելով հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, իրանք գայլեր են դարձել և իրանց հոտն են գիշատում։ Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։ Մեր վիճակավորները, որոնք պետք է պահպանեին ժողովրդի մեջ իրավունքը և արդարությունը, որոնք պետք է հոգ տանեին եկեղեցու բարեկարգության համար,― իրանք ավելի ևս խախտում են նրա հիմքերը։ Եկեղեցու այդ ծույլ, անհոգ կառավարիչները իրանց ժամանակը վատնում են զրախոսությամբ և կատակերգություններ լսելով խնջույքների մեջ։ Ատելի է նրանց գիտությունը և վարդապետական խոսքը, և սիրելի է նրանց եկեղեցու խորհրդավաճառությունը։ Սիմոնականությունը այդ շահասերների ձեռքով իր ծայրահեղ անամոթությանն է հասել։ Չնչին մամոնայի համար նրանք ամեն տարի հարյուրներով և հազարներով բազմացնում են