Էջ:Պարույր 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եկեղեցու անպիտան պաշտոնյաների թիվը։ Հիշյալ անկարգ դաստիարակողների շնորհիվ, ի՜նչ տեսակ սերունդ է պատրաստվում այժմ, ի՞նչ է մեր դպրոցների աշակերտաց վիճակը։ Այլևս առաջվա սերը դեպի ճշմարիտ գիտությունը, և առաջվա եռանդը դեպի օգտավետ ուսումը չէ մնացել։ Մեր դպրոցները կրթում են մի ծույլ, դատարկամիտ սերունդ, որը դեռ ոչինչ չսովորած, աշխատում է երևելի աստվածաբան ձևանալ, որը դեռ բոլորովին տգետ լինելով սուրբ գրքերի մեկնության մեջ, սկսում է վարդապետություններ անել։ Դպրոցը, այդ սուրբ եկեղեցու սուրբ նախագավիթը, չէ սերմանում մանուկների սրտում այն մաքուր և սրբազան սերմերը, որ նրանք ապագայում եկեղեցու և հայրենիքի հավատարիմ զավակներ դառնային, որ նրանք ճանաչեին իրանց պարտքը դեպի երկինքը և դեպի աշխարհը ― մարդկությունը։ Այժմյան դպրոցը, ընդհակառակն, խեղդում, ոչնչացնում է մանուկների սրտում այն դեռաբույս ծիլերը, որոնք ապագայում աճելով և ծաղկելով, կարող էին բարի պտուղներ տալ…

Նա փոքր–ինչ կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Ահա այսպիսի անձանց ձեռքումն է եկեղեցու տնտեսությունը, և ժողովրդի հոգևոր ու մտավոր կրթության գործը։ Իսկ մե՞նք։― Մենք այժմ համարվում ենք աղանդավորներ։ Տգետ, խավարամիտ և կեղծավոր կղերը հալածում է մեզ։ Մեր գրավոր աշխատությունները համարում են վնասակար. մեր ուսումը, մեր վարդապետությունը համարում են մոլորեցուցիչ։ Մի տեր, մի մեծ չկա, որ սանձահարե այդ նախանձոտ, չարամիտ պարեգոտավորների զրպարտությունները, որոնք ամեն ստախոսությամբ գրգռում