― Ի՞նչ Մովսես։
― Խորենացին։
Ժամկոչը մնաց շվարած։
― Աչքովդ տեսա՞ր, ճանաչեցիր, խոսեցի՞ր նրա հետ։
― Քնթովս խո չէի տեսնի, հեր֊օրհնած,― պատասխանեց սպասավորը, այժմ մյուս կողքը քորելով։― Հենց այս երկու աչքերովս տեսա, լավ ճանաչեցի, բայց չխոսեց ինձ հետ։ Ես նրան ճանաչում էի այն ժամանակից, երբ այսքան տղա էր։
Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը մի կանգուն բարձրաթյամբ բռնեց գետնի վրա, որ ցույց տա, թե ինչ հասակի տղա էր։
Ժամկոչը ձեռքով բազմախորհուրդ կերպով շփեց իր ճակատը և հազիվ լսելի ձայնով ասաց․
― Մեր հայր֊սուրբերը նրան որոնում էին…
― Նրան հիմա ինքը սատանան չի գտնի։
― Ինչո՞ւ։
― Դու չե՞ս իմանում, որ Հոռոմստանից նոր եկած վարդապետները բոլորն էլ կախարդներ են…
Մի ևս յայսմհետէ բարձր ի գլուխ
Ոչ է օրէն ընդ արեգական զաղօտալոյսըն
Ոչ մահացուի ընդ Պրոյերեսեայ գալ
Որ զհամօրէն նուաճեաց զերկիր ի ճարտասան
Ի շանթեացն՝ յեղակարծուց սասանեցաւ
Եւ ընդհանուր կռկռվաբան իմաստակաց
Տեղի ետուն Պրոյերեսիայ. տալ ետ
Անշըքեցան փառքն Աթենայ պածառք՝
Փախերուք այսուհետև 'ի Կեկրոպիայ,
|
Մի բարձրահասակ մարդ, պատկառելի դեմքով, համարձակ ելումուտ էր անում Կոնստանդ կայսրի շքեղ արքունիքը։ Պալատականները