Էջ:Ջալալեդդին15.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ, և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից,— մյուս կողմից, նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը, լսում էր զավակի լացը և մրմունջը, տեսնում էր անբաղտացած ընտանիքի հուսահատական փախուստը, և ինքը մի դիվական սառնասրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր, և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը. «դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար… նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է…»։

Դա ատելության ամենասարսափելի ձայնն է, որ բխում է սիրելուց, դա եղբոր ատելություն է, որ ծագում է եղբորը ուղղելու զգացմունքից, թե ինչո՞ւ, նա պատրաստ չէ կյանքի և գոյության համար մրցելու։

Այս տեսակ ատելությունից առաջ է գալիս այն ազնիվ բարկությունը, որով մարդ ծայրահեղության է հասնում, և նա մի խիստ պատգամախոսի նման որոշում է մի ժողովրդի վիճակի սահմանը, երկու հակառակ կետերի վրա դնելով նրան,— կամ մահ և կամ կյանք։ «Ով չէ հասկացել, կամ չէ ուզում հասկանալ ապրելու պայմանները,— ասում է նա,— կյանքի իրավունք չունի։ Այս պայմանները այնքան փոխվում են, որքան փոխվում են նրանց պահանջները.— երբ հարկավոր է խելք բանեցնել, խելքին զոռ տալու է, իսկ երբ պետք է սուր, մարդ պիտի պատրաստ ունենա նրան իր ձեռքում։ Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա․․․»։

Բայց մեր ճանապարհորդի վրդովմունքը առաջ չէր գալիս այս տեսակ խորին քննություններից. նա կյանքի փիլիսոփայության հետ ծանոթ չէր։ Բացատրում էր մարդկային կյանքը, հիմնվելով բնության ամենապարզ երևույթների վրա։ Նա մտածում էր, երբ գառին վիճակվել է գայլի հետ միասին կենցաղավարել, ինքն էլ պետք է աշխատի գայլի ատամներ ունենալ, եթե չէ ցանկանում կատաղի գազանին կերակուր դառնալ։

Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ, որ ինքն ակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթությամբ։ Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան, նա արտաքսվեցավ