Էջ:Սև ցելերի սերմնացանը 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
1

Ես հարցնում եմ Ավագին.

— Մնո՞ւմ է այն վարագույրը…

— Մնում է։

— Իսկ մա՞յրը…

— Մայրը դեռ հավատում է։

Հետո բարձրանում է մի այլ վարագույր, և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից։

Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ։ Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված աչքերը դարձնում մութ սաղարթի կողմը։ Ճյուղերի վրա նստել են գեր սարյակները և դաշտային գորշ ճնճղուկներ։ Նրանք անհանգստանում են և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին, կամ քար չե՞նք առնի։ Ապա հանդարտվում են,